Օպտիմալացման կարևորագույն նպատակներից է պետական կառավարման համակարգի աշխատողների պատշաճ աշխատավարձի ապահովումը. վարչապետ
Friday, January 18, 2019ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ ղեկավար յուրաքանչյուր 9-ից 11 աշխատակցի համար, մինչդեռ Հայաստանում այդ թիվը կազմում է 3.5-ից 3.6։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության կառուցվածքի փոփոխությունների և պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալու մասին:
«Մեր պետական կառավարման համակարգում 3.5-3.6 աշխատողին մեկ ղեկավար է հասնում: Սրա արդյունքում մենք ունենք այնպիսի իրավիճակներ, երբ, օրինակ, կան բաժիններ, օղակներ կան ղեկավարներ, բայց չկան ենթականեր:Սա արված է տարբեր պատճառներով. որովհետև բաժնի պետի աշխատավարձը ավելի բարձր է, տեղակալի աշխատավարձը նույնպես։ Սակայն սրանից բխում են նաև հավելյալ ծախսեր և, իհարկե, անարդյունավետություն, որովհետև պարզվում է, որ ղեկավարները ավելի շատ են, քան աշխատողները»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձավ նաև պետական կառավարման համակարգում աշխատանքի և կադրերի որակին:
«Պետք է հասկանանք, որ իրավիճակը, երբ աշխատակիցների թիվը մեծ է, բերում է նաև աշխատավարձերի անկման, դրա հետևանքով` աշխատողների մոտ մոտիվացիայի նվազում: Օպտիմալացման գործընթացի կարևորագույն նպատակներից մեկը պատշաճ աշխատավարձ ապահովելն է պետական կառավարման համակարգի աշխատողների համար: Այս տեսակետից՝ խնդիրը գումար խնայելը և աշխատողներին կրճատելը չէ, որովհետև, եթե մենք ունենք 18 հազար աշխատող և ցանկանում ենք բոլորի աշխատավարձերը բարձրացնել, դրա համար պետք է օգտագործենք հսկայական դրամագլուխ՝ նախապես իմանալով, որ մեր պետական կառավարման համակարգը չունի այդքան աշխատողի կարիք»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը սխալ է համարում պետական կառավարման համակարգին որպես աշխատատեղ նայելը:
«Ենթադրենք, պետական կառավարման համակարգում ունենք 18 հազար աշխատող և մենք ավելացնում ենք ևս 18 հազար հաստիք՝ ասելով, որ կրկնապատկել ենք աշխատատեղերը։ Դրա հետևանքով երկիրը տնտեսական և բոլոր առումներով կհայտնվի ճգնաժամի մեջ, որովհետև կառավարման համակարգը կարևորագույն բաղադրիչն է բոլոր ոլորտներում փոփոխություն իրականացնելու համար»,- ընդգծեց Փաշինյանը:
Նրա խոսքով` ներկայումս կան նախարարություններ, որոնք արդյունավետության բարձրացման արդյունքում էականորեն ու շոշափելիորեն բարձրացրել ու բարձրացնում են իրենց աշխատողների աշխատավարձերը: Ըստ վարչապետի՝ պետական կառավարման համակարգում տարբեր գերատեսչություններում առկա են կրկնվող գործառույթներ, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի յուրաքանչյուր նախարարություն իրականացնի միայն իրեն վերապահված գործառույթները։
Վարչապետը հավելեց, որ ներկայումս պետական կառավարման համակարգում առկա է խնդիր նաև պրոֆեսիոնալ կադրերի ներգրավման առումով, քանի որ վերջիններս հրաժարվում են աշխատել ցածր աշխատավարձով, քանի որ մասնավոր ոլորտում շատ ավելի բարձր աշխատավարձ են ստանում։
«Ահա այսպիսի խնդիրներ լուծելու համար անհրաժեշտ է այդ փոփոխությունները»,- եզրափակեց Փաշինյանը:
https://armenpress.am/arm/news/961335.html