Օգնութիւն է խնդրում և Աստուծոյ գթութիւնը օրհնում
Monday, July 25, 2022
1 Ողորմիր ինձ, ով Աստուած, ողորմիր ինձ. Որովհետեւ քեզ է յուսացած իմ անձը. Եւ ես քո թեւերի շուքին կ՛յուսամ մինչեւ որ չարիքն անցնին։
2 Ես Բարձրեալ Աստուծուն եմ կանչում. այն Աստուծուն որ ինձ բարի է անում։
3 Նա կ՛ուղարկէ երկնքիցը եւ կ՛փրկէ ինձ. Նա ամօթ կ՛անէ նորան որ ուզում է ինձ կուլ տալ։ (Սէլա։) Աստուած ուղարկում է իր ողորմութիւնն ու ճշմարտութիւնը։
4 Իմ անձը առիւծների մէջ է. Ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մէջ. նորանց ատամները նիզակ ու նետ են, եւ նորանց լեզուները՝ սրած թուր։
5 Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. Քո փառքն ամեն երկրի վերայ լինի։
6 Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար. Իմ անձը խոնարհուած էր. Փոս փորեցին իմ առաջին, եւ իրանք ընկան մէջը։ (Սէլա։)
7 Սիրտս պատրաստ է, ով Աստուած, սիրտս պատրաստ է. Երգով կ՛օրհնեմ եւ սաղմոս կ՛ասեմ։
8 Զարթնիր, իմ փառք. Զարթնիր, սաղմոսարան եւ քնար. Ես կ՛զարթնանամ կանուխ առաւօտանց։
9 Կ՛գոհանամ քեզանից, Տէր, ժողովուրդների մէջ. Սաղմոս կ՛ասեմ քեզ ազգերի մէջ։
10 Որովհետեւ քո ողորմութիւնը մեծ է մինչեւ երկինքը, եւ քո ճշմարտութիւնը՝ մինչեւ ամպերը։
11 Բարձրացիր, ով Աստուած, երկնքի վերայ. Քո փառքը ամեն երկրի վերայ։