Փորձ է արվում ջնջել կամ կեղծել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունն ու պատկանելությունը. Արա Այվազյան
Wednesday, March 24, 2021Հայաստանը կարևորում է Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի ստեղծումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե ինչ նպատակով է ստեղծվել Մշակութային դիվանագիտության հանձնաժողովը: «Ներկայումս, առավել քան երբևէ կարևոր է մեր միջազգային համագործակցության զարգացումը, մեր ներգրավվածությունը միջազգային հանրությանը։ Այդ իմաստով մշակույթը՝ որպես փափուկ ուժի գործոն, շատ կարևոր դերակատարում ունի, և այս հարթակի ստեղծմամբ մենք հայտ ենք ներկայացնում մշակույթը մեր դիվանագիտական զինանոցի կարևոր գործիք դարձնելու ուղղությամբ»,- նշեց Այվազյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը՝ Այվազյանը նշեց, որ միջազգային ասպարեզում մշակույթի առաջ մղումը հանձնաժողովի առաջնային խնդիրն է:
Հայտնի է, որ Արցախի տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, տեղի է ունեցել լիակատար հայաթափում։ Եվ այսօր գործի է դրվել նաև մշակութային ժառանգության ոչնչացումը՝ փորձ անելով ջնջել կամ կեղծել Արցախի հազարամյա մշակութային ժառանգությունն ու նրա պատկանելությունը »,- ասաց նա։
https://armenpress.am/arm/news/1047031.html