Տիրոջ ծառան դառն չարչարանքներում։ Երգողների գլխաւորին. Շօշանիմի վերայ. Դաւիթի Սաղմոս։
Wednesday, December 28, 20221 Ապրեցրու ինձ, ով Աստուած, որովհետեւ ջուրերն մինչեւ իմ անձը հասան։
2 Խրուեցայ ցեխի մէջ որ յատակ չ՛ունի. Ջրերի խոր տեղը մտայ, եւ պտոյտները ինձ կուլ են տալիս։
3 Յոգնած եմ իմ աղաղակելովը. Կոկորդս ցամաքեց, աչքերս նուաղեցան՝ Աստուծուն մտիկ տալով։
4 Իմ գլխի մազերիցը շատացան ինձ զուր տեղը ատողները. Զօրաւոր են ինձ կորցնել ուզող թշնամիներս. Ինչ որ չեմ յափշտակել՝ նա պէտք է վճարեմ։
5 Ով Աստուած, դու գիտես իմ յիմարութիւնը. Եւ իմ յանցնանքրեը քեզանից ծածկուած չեն։
6 Թող ինձ համար չ՛ամաչեն նորանք՝ որ քեզ սպասում են, ով տէր՝ Զօրաց Տէր. Թող ինձ համար ամօթ չ՛լինին քեզ խնդրողները, ով Իսրայէլի Աստուած։
7 Որովհետեւ ես քեզ համար համբերում եմ նախատինքի. Ամօթը ծածկում է իմ երեսը։
8 Օտար եղայ իմ եղբայրներին եւ անճանաչ՝ իմ մօր որդկանցը։
9 Որովհետեւ քո տան նախանձը կերաւ ինձ, եւ քեզ նախատինք տուողների նախատինքներն ինձ վերայ ընկան։
10 Լաց եմ լինում, իմ անձը ծոմ է պահում. Եւ նախատինք է լինում ինձ։
11 Ես իմ հանդերձը քուրձ շինեցի, առակ եղայ նորանց։
12 Դռներումը նստողները զրոյց են անում ինձ վերայ. Եւ արբեցնող խմիչքներ խմողների խաղն եմ դառել։
13 Բայց ես աղօթք եմ անում քեզ, ով Տէր, ընդունելի ժամանակում. Ով Աստուած, քո առատ ողորմութեան համար լսիր ինձ քո փրկութեան ճշմարտութիւնովը։
14 Ապրեցրու ինձ ցեխիցը որ չ՛թաղուիմ. Թող փրկուիմ ինձ ատողներիցը եւ խոր ջրերիցը։
15 Թող ջրերի պտոյտները չ՛յափշտակեն ինձ, եւ անդունդը կուլ չ՛տայ ինձ. Եւ հորն իր բերանը չ՛խփէ ինձ վերայ։
16 Լսիր ինձ, Տէր, որովհետեւ լաւ է քո քաղցրութիւնը. Քո շատ ողորմութեան պէս նայիր ինձ վերայ։
17 Եւ քո երեսը ետ մի դարձնիր քո ծառայիցը. Որովհետեւ նեղութեան մէջ եմ ես. Շուտով լսիր ինձ։
18 Մօտեցիր իմ անձին, փրկիր նորան. Իմ թշնամիների համար ապրեցրու ինձ։
19 Դու գիտես իմ նախատինքը եւ իմ ամօթը եւ իմ խայտառակութիւնը. Իմ ամեն նեղացնողներն քո առաջին են։
20 Նախատինքը կոտրեց իմ սիրտը՝ եւ ես հիւանդ եղայ. ցաւակցութեան սպասեցի՝ բայց չ՛կար. մխիթարիչների՝ բայց չեմ գտնում։
21 Եւ կերակուրիս մէջ թոյն են դնում. Եւ ծարաւութեանս մէջ քացախ են խմեցնում ինձ։
22 Նորանց սեղանը իրանց առաջին՝ որոգայթ, եւ յաջողութեան տեղ վարմ դառնայ.
23 Նորանց աչքերը խաւարուին որ չ՛տեսնեն. Եւ նորանց մէջքը միշտ դողացրու։
24 Թափիր նորանց վերայ քո զարհուրանքը, եւ քո բարկութեան կրակը հասնէ նորանց վերայ։
25 Նորանց բնակարանն աւերակ լինի, եւ նորանց տներումը բնակող չ՛լինի։
26 Որովհետեւ հալածում են նորան որ դու զարկեցիր. Եւ քո խոցուածների ցաւերի համար պատմութիւնն են անում։
27 Մեղք դիր նորանց մեղքի վերայ, որ քո արդարութեանը չ՛հասնեն։
28 Կենաց գրքիցը ջնջուին նորանք, եւ արդարների հետ չ՛գրուին։
29 Բայց ես աղքատ եւ ցաւով լիքն եմ. Ով Աստուած, թող քո փրկութիւնը պաշտպանէ ինձ։
30 Ես կ՛գովեմ Աստուծոյ անունը երգով. Եւ կ՛փառաբանեմ նորան գովաբանութիւնով,
31 Եւ այս աւելի հաճոյ կ՛լինի Տիրոջը քան պարարտ եզը՝ եղջիւրաւորը եւ կճղակաւորը։
32 Խեղճերը կ՛տեսնեն՝ կ՛ուրախանան. ով Աստուծուն խնդրողներ, ձեր սիրտը կենդանանայ։
33 Որովհետեւ Տէրը լսում է խեղճերին, եւ իր գերիներին չէ անարգում։
34 Թող գովեն նորան երկինքն ու երկիրը. Ծովերը եւ նորանց մէջ բոլոր զեռացողները։
35 Որովհետեւ Տէրը կ՛փրկէ Սիօնը եւ Յուդայի քաղաքները կ՛շինէ. Եւ կ՛բնակուեն այնտեղ եւ կ՛ժառանգեն նորան։
36 Եւ ծառաների զաւակները կ՛վայելեն նորան, եւ նորա անունը սիրողները կ՛բնակուեն նորանում։