Տէրը հաւատարիմ է իր անհնազանդ ժողովրդին առաջնորդելիս։ Ասափի Երգ։
Friday, February 24, 2023Տէրը հաւատարիմ է իր անհնազանդ ժողովրդին
առաջնորդելիս։ Ասափի Երգ։
1 Ականջ դիր իմ օրէնքին, ով իմ ժողովուրդ, եւ ձեր ականջները խոնարհեցրէք դէպի իմ բերանի խօսքերը։2 Ես առակով կ՛բանամ բերանս, դուրս կ՛բղխեմ խրթին բաներ հին ժամանակիցը։
3 Այն որ լսցեինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ։
4 Մենք նորանց չենք թագցնում որդիներիցը. եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, եւ նորա զօրութիւնքն ու հրաշքները որ արաւ։
5 Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրէնք դրաւ Իսրայէլի մէջ. Այն որ պատուիրեց մեր հայրերին որ սովորեցնեն իրանց որդկանցը։
6 Որպէս զի իմանայ նոր սերունդը՝ այն որդիքը որ կ՛ծնուին. Վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն։
7 Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չ՛մոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն։
8 Եւ իրանց հայրերի նման չ՛լինին խստավիզ եւ դառնացնող ազգ, ազգ՝ որ իր սիրտը չ՛պատրաստեց, եւ նորա հոգին հաւատարիմ չէ Աստուծոյ վերայ։
9 Եփրեմի որդիքը՝ որ զէնք հագած աղեղնաւորներ էին, ետ դառան պատերազմի օրումը։
10 Աստուծոյ ուխտը չ՛պահեցին եւ մերժեցին նորա օրէնքի մէջ գնալը։
11 Եւ մոռացան նորա գործերը եւ նորա հրաշքները, որ ցոյց էր տուել նորանց։
12 Նորանց հայրերի առաջին հրաշք արաւ Եգիպտոսի երկրումը՝ Տայանիսի դաշտումը։
13 Նա ծովը պատառեց եւ անց կացրեց նորանց, եւ ջուրերը պարսպի պէս կանգնեցրեց։
14 Ցերեկը առաջնորդեց նորանց ամպով, եւ ամեն գիշեր՝ կրակի լուսով։
15 Վէմերը պատառեց անապատումը, եւ խմեցրեց նորանց ինչպէս շատ հեղեղներ։
16 Առուներ հանեց վէմիցը եւ ջուրեր վայր բերաւ գետերի պէս։
17 Բայց եւ այնպէս դարձեալ մեղանչեցին նորա դէմ, եւ դառնացրին Բարձրելոյն՝ անապատումը։
18 Եւ փորձեցին Աստուծուն իրանց սրտերումը՝ կերակուր խնդրելով իրանց անձերի համար։
19 Եւ Աստուծոյ դէմ խօսեցին եւ ասեցին. Մի՞թէ կարող է Աստուած սեղան պատրաստել անապատումը։
20 Ահա վէմին զարկեց եւ ջուրեր բղխեցին եւ առուներ դուրս թափուեցան. Մի՞թէ հաց էլ կարող է տալ. Մի՞թէ միս կ՛պատրաստէ իր ժողովրդի համար։
21 Սորա համար լսեց Տէրը եւ խիստ բարկացաւ, եւ կրակ բորբոքուեցաւ Յակոբի մէջ եւ բարկութիւն վեր կացաւ Իսրայէլի վերայ.
22 Որ չ՛հաւատացին Աստուծուն եւ չ՛յուսացան նորա փրկութեանը։
23 Եւ նա վերեւիցը հրաման տուաւ ամպերին եւ երկնքի դռները բաց արաւ։
24 Եւ անձրեւի պէս մանանայ տեղաց նորանց վերայ կերակուրի տեղ. Եւ երկնքի ցորենը տուաւ նորանց։
25 Մարդ՝ հրեշտակների հաց կերաւ. Նա կերակուր ուղարկեց նորանց առատութիւնով։
26 Նա երկնքումը վեր կացրեց արեւելեան քամին. Եւ իր զօրութիւնովը մօտ քշեց հարաւային քամին։
27 Եւ միս թափեց նորանց վերայ ինչպէս փոշի, եւ թեւաւոր թռչուններ՝ ինչպէս ծովի աւազ,
28 Եւ նորա բանակի մէջ գցեց՝ նորա բնակարանների չորս կողմովը։
29 Եւ կերան եւ խիստ կշտացան. Եւ իրանց ցանկութիւնը տուաւ նորանց։
30 Իրանց ցանկութիւնիցը չէին դադարել. դեռ իրանց կերակուրը բերաններումն էր,
31 Աստուծոյ բարկութիւնը դուրս եկաւ նորանց վերայ, եւ սպանեց նորանց պարարտներիցը, եւ գետնով զարկեց Իսրայէլի երիտասարդներին։
32 Այսու ամենայնիւ էլի մեղանչեցին ու չ՛հաւատացին նորա հրաշքներին։
33 Եւ նա պակասեցրեց նորանց օրերը ունայնութեան մէջ. Եւ նորանց տարիները՝ ահ ու վախով։
34 Երբոր սպանում էր նորանց՝ խնդրում էին նորան, ետ էին դառնում, եւ առաւօտանց Աստուծուն էին խնդրում։
35 Եւ յիշում էին, թէ Աստուած իրանց վէմն է, եւ Բարձրեալ Աստուածն իրանց Փրկիչն է։
36 Կեղծաւորութիւն էին անում նորան իրանց բերանովը, եւ իրանց լեզուովը սուտ էին ասում նորան։
37 Եւ նորանց սիրտը ուղիղ չէր նորա հետ. Եւ հաւատարիմ չէին նորա ուխտումը։
38 Բայց նա ողորմած էր. Քաւում էր անօրէնութիւնը եւ չէր ապականում. Եւ շատ անգամ դարձնում էր իր բարկութիւնը, եւ չէր վեր կացնում իր բոլոր սրտմտութիւնը։
39 Նա յիշում էր որ նորանք մարմին են, քամի՝ որ գնում է եւ ետ չէ դառնում։
40 Քանի՜ անգամ դառնացրին նորան անապատումը, եւ բարկացրին նորան անջուր տեղումը։
41 Կրկին եւ կրկին փորձեցին Աստուծուն, եւ Իսրայէլի Սուրբին նեղացրին։
42 Չ՛յիշեցին նորա ձեռքն այն օրումը, որ փրկեց նորանց թշնամիիցը։
43 Որ իր նշաններն արաւ Եգիպտոսումը. Եւ իր հրաշքները Տայանիսի դաշտումը։
44 Եւ արիւնի փոխեց նորանց գետերը եւ առուները, որ չ՛կարացին խմել։
45 Շանաճանճեր ուղարկեց նորանց վերայ, որ նորանց ուտեն, եւ գորտեր՝ որ ապականեն նորանց։
46 Եւ նորանց պտուղները թրթուրին տուաւ, եւ նորանց վաստակը՝ մարախին։
47 Նորանց որթերը փչացրեց կարկուտով, եւ նորանց թզի ծառերը եղեմնով։
48 Նորանց անասունները մատնեց կարկուտին, եւ նորանց հօտերը՝ կրակի կայծակներին։
49 Իր բարկութեան բոցն ուղարկեց նորանց վերայ՝ սրտմտութիւն, բարկութիւն եւ նեղութիւն՝ չար հրեշտակներ ուղարկելով։
50 Ճանապարհ պատրաստեց իր բարկութեան համար. Նորանց անձները չ՛պահեց մահիցը եւ նորանց կեանքը մատնեց ժանտամահին։
51 Եւ բոլոր առաջինեկ որդիները սպանեց Եգիպտոսումը, զօրութեան առաջին պտուղները՝ Քամի բնակարաններումը։
52 Եւ ժողովրդին հանեց ինչպէս ոչխարներ, եւ հօտի պէս տարաւ նորանց անապատումը։
53 Եւ առաջնորդեց նորանց ապահով եւ նորանք չ՛վախեցան. Եւ ծովը ծածկեց նորանց թշնամիներին։
54 Եւ նորանց տարաւ իր սրբութեան սահմանը՝ այն սարը, որ նորա աջ ձեռն ստացաւ։
55 Եւ ազգեր դէն գցեց նորանց առաջին եւ վիճակով ժառանգութիւն բաժանեց նորանց. Եւ Իսրայէլի ցեղերը բնակեցրեց նորանց բնակարաններումը։
56 Բայց նորանք փորձեցին եւ դառնացրին Բարձրեալ Աստուծուն, եւ չ՛պահեցին նորա վկայութիւնները։
57 Եւ ետ դառան եւ նենգութիւն արին ինչպէս իրանց հայրերը. ետ դառան խաբեբայ աղեղի պէս։
58 Եւ նորան բարկացրին իրանց բարձրաւանդակներովը, եւ իրանց կուռքերի պատկերներովը նախանձի շարժեցին նորան։
59 Աստուած լսեց եւ բարկացաւ եւ շատ անարգեց Իսրայէլին։
60 Երեսից գցեց Սելովի բնակարանը՝ այն խորանը, որ բնակվում էր նորանում մարդկանց մէջ։
61 Եւ գերութեան մատնեց նորա զօրութիւնը, եւ նորա փառքը նեղիչների ձեռը։
62 Եւ իր ժողովրդին մատնեց սրի, եւ իր ժառանգութեան համար խիստ բարկացաւ։
63 Կրակը կերաւ նորա երիտասարդներին, եւ նորա աղջիկների վերայ երգ չ՛երգեցին։
64 Նորա քահանաները սրով ընկան, եւ նորա որբեւայրիները չ՛կարացին սուգ անել։
65 Բայց Տէրը զարթնեց ինչպէս քնից. Ինչպէս զօրաւոր մարդ որ գինիից զուարթանում է։
66 Եւ իր թշնամիները զարկեց ետի կողմիցը. Յաւիտեան նախատինք արաւ նորանց։
67 Եւ Յովսէփի բնակարանը անարգեց. Եւ Եփրեմի ցեղը չ՛ընտրեց։
68 Բայց Յուդայի ցեղն ընտրեց, Սիօնի սարը որ նորան սիրեց։
69 Եւ իր սրբարանը շինեց ինչպէս բարձր տեղերը. Ինչպէս երկիրը որ նորան հաստատեց յաւիտեան։
70 Եւ իր ծառայ Դաւիթին ընտրեց, եւ առաւ նորան ոչխարների փարախիցը։
71 Ծիծ տուող ոչխարների մօտիցը տարաւ նորան, որ իր Յակոբ ժողովուրդը եւ իր Իսրայէլ ժառանգութիւնը կառավարէ։
72 Եւ նա արածեցնում էր նորանց սուրբ սրտով. Եւ իմաստուն ձեռքով առաջնորդում էր նորանց։