Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտերի մասին լուրերի կապակցությամբ, ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։ Պետքարտուղարը կոչ է արել երկու կողմերին ՛՛անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար՛՛։ Նա նաև հորդորել է Բաքվին և Երևանին ՛՛ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ցուցաբերել՝ բոլոր չկարգավորված խնդիրները լուծելու համար, ներառյալ սահմանների դեմարկացիան՛՛։ Վաշինգտոնը կրկին ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կամ դրանից բխող մնացած հարցերին բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում տալու անհրաժեշտությունը։
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով Միացյալ Նահանգերը պետք է ընդլայնի իր ակտիվությունը այս տարածաշրջանում:
՛՛Միակ ուղին, որով ԱՄՆ-ը կարող է մեծացնել իր ներգրավվածությունն այստեղ, ուղիղ դիվանագիտությունն է Երևանի և Բաքվի հետ՝ հստակ գաղափարներով, թե ինչ պետք է տեղի ունենա հաջորդիվ: Չնայած նրան, որ պետքարտուղարության հայտարարւոթյունը հակիրճ է, բայց մի փոքր ոգևորիչ տարրեր է պարունակում ի դեմս պետքարտուղարության նշած սահմանային խնդիրների, որոնց ուղղությամբ պետք է իրական աշխատանք տարվի՛՛,- նշում է նախկին դեսպանը:
Ռիչարդ Կազլյարիչը գտնում է, որ վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ անցած տարվա նոյեմբերին կնքված հայտարարությունը այդպես էլ չի տվել բազմաթիվ կարևոր հարցերի պատասխանը, որոնց անհրաժեշտ է հասնել Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսության միջոցով: Նրա կարծիքով Ռուսաստանը մշտապես այս հարցում փորձում է ներկայանալ որպես ամենակարևոր տերություն, որը ներգրավված է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ առկա հարցերում: Սակայն, ըստ Կազլյարիչի, ռուսական կողմն այդպես էլ լուրջ հետաքրքրություն չցուցաբերեց Երևանի ու Բաքվի միջև բազմաթիվ խնդիրների շուրջ լուրջ երկխոսություն ծավալելու հարցում:
՛՛Ռուսական միակողմանի միջնորդության հարցում առաջընթացի և Մինսկի խմբի որևէ լուրջ ներգրավվածության բացակայությունը հանգեցրել էին այնպիսի իրավիճակի, երբ բախումները դարձել են, եթե ոչ միակ այլընտրանքն, ապա տրամաբանական եզրակացություն՛՛,- ասում է Կազլյարիչը:
Վերլուծաբան Ջոշուա Կուցերան, Eurasianet օնլայն հանդեսում հրապարակած իր հոդվածում, ուր անդրադառնում է հայ-ադրբեջանական վերջին բախումներին և ՌԴ դերակատարությանը, շեշտում է՝ վերջին բախումները մարտահրավեր են Մոսկվայի համար՝ հաշվի առնելով վերջինիս խաղաղարար դերը: Ըստ վերլուծաբանի՝ ռուսական կողմը չունի շատ տարբերակներ: Վերջինիս անգործությունն արդեն իսկ շատ շահարկումների առիթ է դարձել անցած տարվա պատերազմի ժամանակ, սակայն այդ պատերազմն ընթանում էր Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ, ուր չէին գործում հայ-ռուսական փոխադարձ պաշտպանական համաձայնագրերը: Այս վերջին զարգացումները, ըստ Կուցերայի, տարբերվում են նրանով, որ բախումները տեղի են ունենում Հայաստանի տարածքում, իսկ ռուսական կողմն այս առումով ունի պայմանագրային պարտավորություններ:
Eurasianet օնլայն հանդեսի խմբագիր Կուցերան, մեկ այլ հրապարակման մեջ գրում է, որ իրավիճակը սրվեց մի քանի օր տեւած լարվածության աճից հետո, որի ընթացքում կողմերի միջև արձանագրվեցին փոխհրաձգություն և ընդհարումներ: Վերլուծաբանն ընդգծում է, որ բախումները գրանցվեցին հրադադարի ստորագրման մեկամյա տարեդարձից ընդամենը մեկ շաբաթ անց: Նա նշում է, որ ըստ շրջանառվող լուրերի, կողմերը մոտ էին այդ հրադադարը լրացուցիչ պայմանավորվածությամբ ամրապնդելուն: Ըստ որոշ տեսակետների, գրում է Կուցերան, Երևանը հետ է կանգնել նոր համաձայնագրեր ստորագրելուց, իսկ Բաքուն, կարծես թե, փորձում է ուժի միջոցով ստիպել հայկական կողմին կնքել նոր համաձայնություն:
https://www.amerikayidzayn.com/a/6317456.html