Սուրբ գրքերի Ուղեցույցը
Friday, February 25, 2022Սուրբ գրքերի Ուղեցույցը պարզաբանում է տալիս ընտրված վարդապետությունների, սկզբունքների, մարդկանց և տեղանունների մասին, որոնք հանդիպում են «Աստվածաշունչ», «Մորմոնի Գիրքը», «Վարդապետություն և Ուխտեր» և «Թանկագին Մարգարիտ» գրքերում: Այն տալիս է նաև սուրբ գրքերի առանցքային հղումներ՝ յուրաքանչյուր թեման ուսումնասիրելու համար: Ուղեցույցը կարող է օգնել ձեզ անհատապես և ընտանիքով սուրբ գրքերն ուսումնասիրելիս: Այն կարող է օգնել, որպեսզի պատասխան գտնեք ավետարանի վերաբերյալ հարցերին, ուսումնասիրեք սուրբ գրքերի թեմաները, պատրաստեք ելույթներ ու դասեր և ավելացնեք ձեր գիտելիքն ու վկայությունն ավետարանի վերաբերյալ:
Ուղեցույցն ունի երեք բաժին. (1) թեմաների այբբենական ցանկ, (2) Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության ընտրանի (ՋՍԹ), (3) Եկեղեցու պատմության ժամանակագրություն, քարտեզներ և լուսանկարներ. և Աստվածաշնչյան քարտեզներ և լուսանկարներ:
-
Թեմաների այբբենական ցանկ: Այս բաժինը տալիս է յուրաքանչյուր թեմայի կարճ սահմանումը և թվարկում է սուրբ գրքերի ամենանշանակալից հղումներն այդ թեմայի վերաբերյալ: Յուրաքանչյուր հղմանը մի կարճ քաղվածք կամ համառոտ շարադրանք է նախորդում այդ սուրբ գրությունից: Սուրբ գրքերի հղումները տրված են հետևյալ կարգով՝ Հին Կտակարան, Նոր Կտակարան, Մորմոնի Գիրք, Վարդապետություն և Ուխտեր, Թանկագին Մարգարիտ:
-
Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության ընտրանի: 1830 թվականին Տերը Մարգարե Ջոզեֆ Սմիթին պատվիրեց սկսել Աստվածաշնչի՝ Հակոբ Թագավորի Տարբերակի վերանայումը կամ թարգմանությունը: Մարգարեի խնդիրն էր՝ վերականգնել այն պարզ և արժեքավոր ճշմարտությունները, որոնք կորել էին Աստվածաշնչի բնագիր ձեռագրերից: Գործի մեծ մասը նա ավարտեց մինչև 1833թ. հուլիսը: Սակայն, մինչև իր մահանալը՝ 1844թ., նա շարունակում էր փոփոխություններ անել, մինչ ձեռագիրը հրատարակության էր պատրաստվում: Չնայած ամբողջ հատորն ավարտին չհասավ, ոչ էլ այն պաշտոնապես որդեգրվեց Եկեղեցու կողմից, Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը սուրբ գրությունների բովանդակության շատ ներըմբռնումներ է պարունակում և արժեքավոր օգնություն է Աստվածաշունչը հասկանալու համար: Առավել կարևոր ուղղումներից մի քանիսը ներառվել են Սուրբ գրքերի Ուղեցույցում: (Լրացուցիչ տեղեկության համար, տե՛ս Ուղեցույցի «Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն» թեման):
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որպես անգլերեն Աստվածաշնչի պաշտոնական թարգմանություն օգտագործում է Հակոբ Թագավորի Տարբերակը: Այն առանցքային դեր է խաղացել ավետարանի վերականգնման գործում և շարունակում է նշանակալից ազդեցություն թողնել աշխարհով մեկ՝ շատ ազգերի վրա:
-
Եկեղեցու պատմության ժամանակագրություն, քարտեզներ և լուսանկարներ և Աստվածաշնչյան քարտեզներ և լուսանկարներ: Իմանալով աշխարհագրական տեղանքները, որոնց մասին խոսվում է սուրբ գրքերում, դուք կարող եք ավելի լավ հասկանալ սուրբ գրքերի իրադարձությունները: Ուղեցույցում զետեղված են Եկեղեցու պատմության կարևոր տարածքների 6 քարտեզ, աստվածաշնչյան հողերի 14 քարտեզ և 1 աշխարհի քարտեզ: Տեղանքը գտնելու համար, օգտագործեք ձեզ հետաքրքրող քարտեզների հավաքածուի ցուցիչը: Ցուցիչը ձեզ կհղի դեպի համապատասխան քարտեզը և այդ տեղանքի կոորդինատները քարտեզի վրա: Եկեղեցու պատմության 18 և աստվածաշնչյան 32 լուսանկարները նույնպես նկարագրություններ ունեն, որոնք կօգնեն ձեզ՝ ավելի լավ հասկանալ սուրբ գրքերի որոշ իրադարձություններ:
Եկեղեցու Պատմության Ժամանակագրությունը թվարկում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու վերականգնման և աճի համար կարևոր իրադարձությունների ամսաթվերը:
Սուրբ գրքերի ուսումնասիրության մեջ ձեզ ավելի շատ օգնելու համար, Ուղեցույցը պարունակում է մի շարք այլ օգտակար առանձնահատկություններ: Օրինակ, եթե դուք բացեք «Հիսուս Քրիստոս» բառահոդվածը, ապա կգտնեք Ուղեցույցում տրված թեմաների մանրամասն մի ցուցակ, որոնք անմիջական տեղեկություն են պարունակում Փրկչի և նրա ծառայության վերաբերյալ: Սա Ուղեցույցում տրված միակ թեման է, որն ունի այդպիսի մեծ ցուցակ, ինչը շեշտում է Քրիստոսի կարևոր լինելը ողջ մարդկության համար: Ի լրումն, «Ժամանակագրություն» թեմայի տակ թվարկված են Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի ժամանակների ամենակարևոր իրադարձություններից մի քանիսը՝ մոտավոր տարեթվերով հանդերձ: «Ավետարաններ» թեման պարունակում է Ավետարանների համաձայնություն ենթավերնագիրը: Այդ համաձայնությունը համեմատում է Մատթեոսում, Մարկոսում, Ղուկասում, Հովհաննեսում և վերջին օրերի հայտնություններում տրված Փրկչի ուսմունքները: