Սկսվում են ԱՄՆ-ի կուսակցական համագումարները
Monday, August 17, 2020Սենատոր Քամալա Հարիսին իր ընտրվելու դեպքում երկրի փոխնախագահի պաշտոնը վստահելու որոշումից հետո, առաջին անգամը լինելով, Ջո Բայդըն ու Հարիսը հանդես եկան միասնաբար:
Ջո Բայդընին նախագահի թեկնածու պաշտոնապես գրանցելու համար Դեմոկրատական կուսակցությունն իր համագումարը որոշել էր անցկացնել Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում: Սակայն կովիդ հիվանդության պատճառով պաշտոնական նշանակման արարողություններն անցնելու են առցանց: Հեռատեսիլային միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերելու քաղաքական մի շարք ներկա ու նախկին պաշտոնյաներ, որոնց շարքում են նախկին նախագահ Բարաք Օբաման ու նախագահի նախկին թեկնածու, սենատոր Բերնի Սանդերսը:
Գովեստի խոսքեր ասելով Քամալա Հարիսի մասին, Սանդերսն ասում է, թե ինքը չէր կամենա ներկա փոխնախագահ Մայք Փենսի փոխարեն մասնակցել Հարիսի հետ բանավեճին: ‘’Հարիսը պարզապես գանձ է Բայդընի համար’’, վստահ է Սանդերսը:
Իսկ ահա նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ասուլիսներից մեկի ժամանակ ասել է, թե ինքն ունի փաստեր այն մասին, որ օրենքը թույլ չի տալիս Հարիսին ընտրվել փոխնախագահ:
Թրամփի քննադատները նրա այս հայտարարությունը համեմատում են Բարաք Օբամայի մասին մի քանի տարի առաջ արված նրա հայտարարության հետ, ըստ որի նա կասկածի տակ էր առնում Օբամայի ամերիկյան քաղաքացիությունը:
Թրամփի ընտրարշավի ավագ խորհրդական Ջեյսոն Միլերը դատապարտում է մամուլին Թրամփի հենց այս խոսքերից կառչելու հանգամանքի համար:
‘’Մեր ընտրարշավը դրա վրա չէ, որ կենտրոնանում է: Թրամփն ինքն է ասել, որ այդ հարցով չենք զբաղվելու: Մեր կարծիքով, այդ հարցը փակված է’’, ասել է նա:
Ինչ վերաբերում է համագումարներին, ապա Դեմոկրատական կուսակցության համագումարը սկսվում է օգոստոսի 17-ին ու շարունակվելու է մինչեւ ամսի 20-ը, Հանրապետական կուսակցության գլխավոր հավաքն անցկացվելու է օգոստոսի 24-ից: Հստակ է, որ առաջին դեպքում նախագահի թեկնածու է նշանակվելու Ջո Բայդընը, երկրորդի դեպքում` Դոնալդ Թրամփը:
https://www.amerikayidzayn.com/a/5547023.html