Սիրիան պատրաստվում է ազատագրել ապստամբների վերջին հենակետը
Tuesday, February 18, 2020Կատաղի մարտերից հետո Սիրիայի կառավարական ուժերը շաբաթ օրն իրենց վերահսկողությունը հաստատեցին մայրաքաղաք Դամասկոսը Հալեպին կապող մայրուղու վրա: Նախագահ Բաշար ալ Ասադը հաղթանակի մասին հայտարարեց երկուշաբթի օրը:
Նա ասաց նաեւ, թե դեռեւս չի ավարտվել Իդլիբում թուրքական ուժերի ու հակակառավարական ապստամբ ուժերի դեմ մղվող ճակատամարտը:
Թուրք դիվանագետներն այժմ բանակցություններ են անցկացնում ռուսների հետ, փորձելու համար կասեցնել Մոսկվայի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի կողմից նոր գրոհները:
Ինչպես Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն է հայտարարում, ինքը Ռուսաստանի իր պաշտոնակից Լավրովին ասել է, թե ‘’Իդլիբում ագրեսիան պիտի դադարեցվի եւ պիտի հաստատվի հրադադար’’:
Սակայն քիչ հավանական է թվում, որ Ասադը կդադարեցնի ռազմական հարձակումները, քանի դեռ նա վայելում է Ռուսաստանի օդային ուժերի եւ Իրանի աջակցությունը:
‘’Իդլիբն ու Հալեպի արվարձաններն ազատագրելու գործողությունները շարունակվելու են, անկախ այլոց կողմից հնչող դատարկ խոսակցություններին: Մենք լիովին ազատագրելու ենք Սիրիայի հողը, ոչնչացնելու ենք ահաբեկչությունը ու հաստատելու ենք կայունություն’’, հայտարարել է Ասադը:
Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը զորքեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին ու սպառնում, որ կսկսի ռազմական գործողություններ, եթե սիրիական զորքերը հետ չքաշվեն:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն դատապարտում է Թուրքիային, ու հայտարարում, որ Անկարան ոտնահարել է Սոչիի 2019 թվականի պայմանագիրը եւ Սիրիայի հյուսիսից հետ մղել քրդական զինված խմբերին: Նոր բախումների մեջ Թուրքիան մեղադրում է Դամասկոսին:
Ինչեւէ, այժմ ամենակարեւորը Իդլիբն է, Սիրիայում ապստամբ ուժերի վերահսկողության տակ մնացած վերջին հենակետը, որը ջախջախելու նպատակ է հետապնդում Բաշար ալ Ասադը:
https://www.amerikayidzayn.com/a/5293512.html