Սահմանային պատի կառուցման հարցով Թրամփը հանդիպելու է Կոնգրեսի դեմոկրատ փոքրամասնության ղեկավարներին
Tuesday, December 11, 2018ԱՄՆ - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպում ունենալ Դեմոկրատական կուսակցության ղեկավարների հետ՝ վերջին փորձն անելով, ապահովելու համար սահմանային պատի կառուցման ֆինանսավորումը։ Դա կարելի է անել միայն մինչեւ դեկտեմբերի 21-ը, որը պետական բյուջեն հաստատելու վերջնաժամկետն է։
Սահմանային պատի ֆինանսավորման հարցը հանրապետական մեծամասնություն ունեցող Կոնգրեսի իրավական վերջին գործառույթն է լինելու։ Անհամաձայնության դեպքում մինչեւ տոնական օրերը երկրի պետական հաստատությունները կարող են կանգնել աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու վտանգի առջեւ։
Թրամփը հանդիպելու է Սենատի փոքրամասնության ղեկավար Չաք Շումերին եւ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսիին՝ փորձելով պարզել, թե արդյոք կա 2Օ19 թվականի պետական բյուջեում 5 միլիարդ դոլար պատի կառուցմանը հատկացնելու հարցում փոխզիջման գնալու հնարավորություն։
Թրամփը վստահ է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումով կդադարի Կենտրոնական Ամերիկայի երկրներից միգրանտների հոսքն ԱՄՆ։
Թրամփի վարչակազմը սահմանային անվտանգությունն ամրապնդելու համար ֆինանսական անցնող տարվա համար ստացել էր 1 միլիարդ 375 միլիոն դոլարի բյուջե, որի ժամկետն ավարտվել է սեպտեմբերի 3Օ-ին։ Այն չի ընդգրկում պատի կառուցման համար նախատեսված չափաբաժին։
Source: https://www.amerikayidzayn.com/a/4696019.html