Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին դիմել է դատարան ընդդեմ Արթուր Վանեցյանի
Monday, January 21, 2019Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը․ դիմել է դատարան ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի։ Ըստ Քոչարյանի ներկայացուցչի՝ Վանեցյանը արատավորել է իր պաշտպանյալի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը՝ զրպարտելով նրան։
Սեդրակ Քոչարյանի հայցի հիմքում ԱԱԾ տնօրենի դեռ սեպտեմբերի 11-ին հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունն է, թե Քոչարյանի ընտանքիը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում։
«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ մենք ոչ մի բան չունենք, փաստերով կխոսենք և կհրապարակեմ, ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ ունեցվածքները», - հայտարարել էր Վանեցյանը։
«Կոնգրես» հյուրանոցի գործի առնչությամբ դեռ ամիսիներ առաջ՝ սեպտեմբերին, հայտնի դարձավ, որ կա հարուցված քրեական գործ «փողերի լվացման» հոդվածով, իսկ 2-րդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գործով անցնում է որպես վկա։ Սեդրակ Քոչարյանը, ով ըստ իր ներկայացուցիչ Անի Ալավերդյանի, «Կոնգրես» հյուրանոցի բաժնետերերից է, պահանջում դատարանից պարտավորեցնել Վանեցյանին հերքել իր հայտարարությունը։
«Հայտարարություններից ենթադրվում է, որ հայցվորը կատարել է օրենքով արգելված արարք, հանցագործություն, այսինքն գույքը ստացվել է ապօրինի եղանակով, որոնք որևէ կերպ չեն ապացուցվել, որոնց վերաբերյալ որևէ քրեական գործ հարուցված չէ, հետևաբար, հարգելի դատարան, մենք խնդրում ենք, որպեսզի պարտավորեցնեք պատասխանատվության, հրապարակայնորեն հայտնել զրպարտություն համարվող փաստացի տվյալները», - նշում է Անի Ալավերդյանը։
Վանեցյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը դատարանում հայտարարեց, որ ամբողջությամբ առարկում են հայցի դեմ՝ այն համարելով անհիմն։
«Կարծում ենք, որ այն անհիմն է և ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ, քանի որ նախ և առաջ պատասխանողի կողմից արված արտահայտությունները ուղղված չեն և հայցվորն էլ չի հիմնավորել, որ դրանք ուղված են հենց իր դեմ։ Այսինքն հայցվորը միայն ենթադրել է, որ դրանք ուղղված են իր դեմ, սակայն օբյեկտիվորեն այս հայտարարություններից նման բան չի բխում», - հայտարարեց Վանեցյանի ներկայացուցիչը։
Ըստ Վանեցյանի փաստաբանի՝ զրպարտության հոդվածով Եվրոպական դատարանի նախադեպային գործերից մեկով սահմանվում է, որ նման դեպքերում հրապարակման՝ զրպարտչական բնույթի մասին ենթադրելը դեռ բավարար չէ համարելու, թե կոնկետ անձին վնաս է հասցվել և պետք է հստակ լինի, որ, օրինակ, այս պարագայում Վանեցյանի հայտարարությունը հասցեգրված է եղել անմիջապես Սեդրակ Քոչարյանին։
«Այս արտահայտությունները լսելիս սովորական ընթերցողը առաջին հետթին պետք է մտածի պարոն Սեդրակ Քոչարյանի մասին։ Ես կարծում եմ, որ նման մոտեցումը անհիմն է և հետևաբար արտահայտությունները որևէ կերպ պարոն Սեդրակ Քոչայանին չեն կարող ուղղված համարվել։ Բացի նրանից, որ արտահայտությունները չեն վերաբերում հայցվորին և չեն հանդիսանում արատավորող, նրանք չունեն բավականաչափ կոնկրետություն և մեր կարծիքով չեն հանդիսանում քաղաքացիական 1087.1 հոդվածի իմաստով փաստացի տվյալներ», - ասաց Վահագն Գրիգորյանը։
Քոչարյանի փաստաբանը հայտարարեց, որ անհրաժեշտ է Արթուր Վանեցյանին հրավիրել դատարան՝ պարզելու, թե վերջինս «Քոչարյանի ընտանիք» ասելով նկատի է ունեցել Սեդրակ Քոչարյանին, թե ոչ։ Դատարանը մերժեց այս միջնորդությունը։
Այսօրվա նախնական դատական նիստի ընթացքում Սեդրակ Քոչարյանի պաշտպանը անհրաժեշտ համարեց ներկայացնել ապացույց, որ Սեդրակ Քոչարայանը իսկապես այդ հյուրանոցի բաժնետեր է, հաջորդ նախնական դատարակն նիստը նշանկվեց փետրվարին։
https://www.azatutyun.am/a/29722698.html