Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած քաղաքացիական հայցից
Wednesday, June 12, 2019Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր, որով վարչապետը ասել էր․ - «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրված»:
Չնայած հայացադումով Քոչարյանի ներկայացուցիչը պահանջում էր պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար, բայց արդեն դատական նիստի դահլիճում պատրաստակամություն հնչեց հրաժարվել հարցից:
«Եթե մեր դատավարական հակառակորդը էլի կհայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից», - հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզլյանը նիստի ընթացքում պնդեց, որ իրենք հայցին ի պատասխան արդեն իսկ նշել էին, որ Փաշինյանի արտահայտությունները անձեռմխելիության մասին օրենքի մեկնաբանություն էր, ոչ թե վիրավորանք կամ զրպարտանք․ - «Լիազորված եմ իմ վստահորդի անունից ասելու աներկբա, որ այդ արտահայտությունը, որ արել է իմ վստահորդը, վերաբերվել է սահմանադրաիրավական նորմի մեկնաբանությանը և, այո, միանշանակ չի վերաբերվել պարոն Քոչարյանին»:
Կողմերը համաձայնության եկան վաղը դատական նիստում հայցադիմումից հրաժարվելու գործընթացն ավարտել:
«Մեզ բավարարում է հայտարարությունը, որ էդ ամեն ինչը ասելով պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին», - ասաց Հայկ Ալումյանը:
«Այդ ժամանակ անգամ ակադեմիական վեճեր էին տեղի ունենում, նշվում էր, որ պետության ղեկավարը՝ պարոն Քոչարյանը կլինի, պարոն Սարգսյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, օժտված է այսպես ասած բացարձակ անձեռնմխելիությամբ: Տվյալ պարագայում այդ մեկնաբանությունները բավականին շատ էին: Այդ ժամանակ իմ վստահորդը բացառապես մեկնաբանության հետ կապված արտահայտություններ է արել՝ նշելով և օրինակներ բերելով, միաժամանակ հռետորական հարցեր բարձրացնելով: Եվ, այո, միանշանակ նա նկատի չի ունեցել որևէ անձի, այդ թվում նաև պարոն Քոչարյանին»:
https://www.azatutyun.am/a/29995869.html