Պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
Thursday, February 17, 2022Փետրվարի 17-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը: Գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը: Ըստ հիմնավորման՝ ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն է առաջարկվում այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները:
Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
3) ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:»
Կառավարությունը հավանություն է տվել Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին
Խոշոր ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն կտրվի Սևան համայնքում 51.41468 հա համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքով Էդուարդ Օհանյանին օտարելուն: Էդուարդ Օհանյանի կողմից հիմնադրված «Գրին սոլուշնս» ՍՊԸ ցանկություն է հայտնել համայնքում իրականացնել առնվազն 48 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումային ծրագիր։ Ստեղծվելու են 400-450 նոր աշխատատեղեր։ Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այս գործարքից ընդհանուր առմամբ համայնքային բյուջե 22 մլն դրամ մուտք կարվի: «Ծրագիրն իրականացվելու է 115 հա տարածքի վրա. նախատեսվում է կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր և 2,7 հա մակերեսով արդյունաբերական տնկարան: Մյուս տարածքները կծառայեն ենթակառուցվածքների համար: Շինարարության աշխատանքների համար նախատեսված է 60 ամիս ժամկետ: Վերջնական արդյունքում տարեկան կարտադրվի մոտ 12 հազար տոննա բանջարեղեն, որի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել»,-ասել է նախարարը:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր նման ներդրումային ծրագրերի համար արհեստական խոչընդոտներ չստեղծելու կարևորությունը. «Ես ուզում եմ հետևյալ հանձնարարականը տալ. երբ դե յուրե որոշումները կայացված են, ապա հետագայում պետք է հոգ տանել, որ բուն ծրագրի իրականացման ճանապարհին, հաջորդ օղակներում արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, և ծրագիրը բնականոն ընթացքով առաջ գնա: Իհարկե, երբեմն մենք տեսնում ենք նաև օբյեկտիվ համակարգային խնդիրներ, որոնց լուծմամբ պետք է զբաղվենք: Բայց ընդհանուր առմամբ մեր ուղերձը կառավարման բոլոր օղակներին պետք է լինի այն, որ ներդրումային ծրագրերի բնականոն ընթացքը որևէ կերպ չխոչընդոտվի: Սա կարևոր է նաև կառավարության համար, որովհետև մենք շատ հավակնոտ տնտեսական աճի ցուցանիշներ ենք մեր առջև դրել, իսկ այդ տնտեսական աճի հիմնական մասը մասնավոր հատվածն է ապահովում: Հետևաբար պետք է ամեն ինչ անել, որ պետական և մասնավոր ներդրումային ծրագրերն արհեստական խոչընդոտների չհանդիպեն: Սա նույնքան կարևոր աշխատանք է, որքան դե յուրե որոշումներ կայացնելը: Այդ ազդակները պետք է ստանալ, արագ արձագանքել դրանց՝ բյուրոկրատական, արհեստական քաշքշուկներից, հնարավոր կոռուպցիոն խոչընդոտներից մարդկանց ազատելու համար»:
Գործադիրը բավարարել է «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: 2001 թ.-ին Երևանում հիմնադրված ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է մրգահյութերի և պահածոների արտադրության համար: Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 22 մլրդ դրամի ներդրում, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 488 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 65 նոր աշխատատեղ` մինչև 96,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 և ավելի տոկոսը նախատեսվում է արտահանել: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.4 մլրդ դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Հայք-21» ՍՊԸ-ն կներառվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ շարժիչային յուղերի և քսանյութերի արտադրության ոլորտում։ Ծրագրի շրջանակում՝ 2022-2026 թթ. իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 980,000 հազ. դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 30 նոր աշխատատեղ` շուրջ 250 հազ. դրամից մինչև 350 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունն ունենալու է մոտ 2,000 քմ արտադրական տարածք ազատ տնտեսական գոտում:
Մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն. կառավարությունը հատկացրել է 77.768.000 դրամ
Մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար կառավարությունը 77.768.000 դրամ կհատկացնի ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային: Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է ՀՀ-ում անցկացնել բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թ. ընդհանուր հատկացումների հաշվին կատարվող վերաբաշխման արդյունքում հատկացնել ֆինանսական աջակցություն: Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկների մասնակցություն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն՝ ընդհանուր ակնկալվում է շուրջ 350 անձանց մասնակցություն: Հատկացվող գումարով նախատեսվում է ձեռք բերել 2 ռինգ և 12 տանձիկ, բռնցքամարտի 300 ձեռնոց, վճարել առաջնության հյուրընկալման համար սահմանված անդամավճարը, ապրանքների մաքսազերծման, ԱԱՀ-ի և ապրանքների տեղափոխության համար վճարները:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Բռնցքամարտի եվրոպայի առաջնությանն անհրաժեշտ է պատշաճ պատրաստվել: «Սա կառավարության կողմից հատկացումների առաջին որոշումն է, կլինեն նաև այլ հատկացումներ: Չզեկուցվող հարցերի փաթեթում մենք նաև գումար ենք հատկացնում Մարզահամերգային համալիրին: Հիշեցնեմ նաև, որ Մարզահամերգային համալիրում այս տարի ևս համաեվրոպական նշանակության այլ միջոցառում ունենք, խոսքը Մանկական Եվրատեսիլի մասին է: Էկոնոմիկայի նախարարության և տուրիզմի ոլորտի մեր գործընկերների ուշադրությունը ուզում եմ հրավիրել այս միջոցառումների վրա, որոնք, կարծում եմ, լավ առիթ են մեր տուրիստական ոլորտի ընկերությունների համար՝ հետքովիդյան շրջանում ակտիվանալու, տուրիստական հոսքերը վերականգնելու առումով»,-ասել է վարչապետը:
Կառավարության որոշմամբ 310,768.3 հազար դրամ կհատկացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Մարզահամերգային համալիրում նախատեսվող մի շարք միջոցառումների կազմակերպչական նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով: Նախատեսվող միջոցառումներն են՝ մայիսի 21-31-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, Մանկական Եվրատեսիլը, գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնը, Ծանրամարտի եվրոպայի առաջնությունը:
Կկառուցվեն ու կբարեկարգվեն կրթական, մշակութային և մարզական մի քանի տասնյակ հաստատություններ
Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թ. հաստատված բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերի շրջանակում կատարել վերաբաշխում և ֆինանսական միջոցներ ուղղել կրթության, մշակութային և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմանների ապահովմանը։ Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, գումարը նախատեսվում է ուղղել, մասնավորապես՝ 4 միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը, 10 մանկապարտեզների մոդուլային շենքերի կառուցմանը, 12 մանկապարտեզների մոդուլային շենքերի նախագծմանը, 21 մոդուլային դպրոցների շենքերի կառուցմանը, 10 դպրոցների մոդուլային շենքերի նախագծմանը, 2 դպրոցի նոր մասնաշենքի կառուցմանը, 17 հանրակրթական ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների և 5 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցմանը, 1 բարձրագույն ուսումնական հաստատության շենքի հիմնանորոգմանը , 2 մարզադպրոցի կառուցմանը, 1 թանգարանի ջեռուցման և օդափոխության համակարգի ապահովմանը, 4 հուշարձանի վերականգնմանը, 4 հուշարձանի նախագծմանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ռազմավարական նշանակության ծրագրերի իրագործմանն ուղղված որոշման ընդունումը. «Իհարկե, այստեղ առանձնանում է մեր ծրագիրը՝ թվով 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մասին, բայց այս նախագիծն ավելի լայն շառավիղ ունի: Ըստ էության, մի հատվածին մենք անդրադարձել ենք նախկինում, հիմա նաև հերթական տրանշներն ենք հատկացնում, որպեսզի շինարարությունները շարունակվեն և ավարտին հասցվեն: Մյուս կողմից սկսում ենք նոր խմբի նախագծման կամ շինարարության աշխատանքները: Կարծում եմ՝ իմաստ ունի, որ մենք բարձրաձայնենք, թե որտեղ են աշխատանքները տեղի ունենում կամ տեղի ունենալու, որպեսզի նաև համաչափությունը և տարածքային տարածվածությունը պատկերացնենք:
Խոսքը, մասնավորապես՝ Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի և Վանաձորի գյուղատնտեսական պետական քոլեջի վերակառուցման ավարտական աշխատանքներն իրականացնելու մասին է, Նոր Գեղիի ակադեմիկոս Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման և Գորիսի պրոֆեսոր Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման մեկնարկի մասին է: Մենք մի շարք մանկապարտեզների շինարարության աշխատանքն ենք մեկնարկում, մի քանիսինն ավարտին ենք հասցնում: Մասնավորապես, Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Արարատի մարզի Արալեզ համայնքում, Արմավիրի մարզի Արևիկ համայնքում, Արմավիրի մարզի Այգեվան համայնքում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում, Լոռու մարզի Սպիտակ համայնքում, Լոռու մարզի Գոգարան համայնքում, Կոտայքի մարզի Հրազդան համայնքում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում: Այստեղ խոսքը մոդուլային՝ մինչև 144 երեխաների համար նախատեսված մանկապարտեզների մասին է: Սկսում ենք նախագծման աշխատանքները հետևյալ տեղերում. Արմավիրի մարզում 144 տեղանոց մանկապարտեզների աշխատանքը նախագծման, Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում, Արմավիրի մարզի Նորավան համայնքում, Արմավիրի մարզի Փշատավան համայնքում, Արմավիրի մարզի Լենուղի համայնքում, Լոռու մարզի Լեռնավան համայնքում, Լեռու մարզի Լուսաղբյուր համայնքում, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, Շիրակի մարզի Արթիկ համայնքում, Շիրակի մարզի Արևշատ համայնքում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում, Տավուշի մարզի Այրում համայնքում:
Նախատեսվում է փոքրաքանական երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի շինարարության շարունակություն և ավարտ: Ցանկը հետևյալն է՝ Արագածոտնի մարզի Լուսակնի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզի Գառնահովիտի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ համայնքի հիմնական դպրոց, Գեղարքունիքի Ջիլ գյուղի դպրոց, Մեդովկա բնակավայրի դպրոց Լոռվա մարզում, Լոռվա մարզի Հագվու բնակավայրի հիմնական դպրոց, Ջրառատի միջնակարգ դպրոց Կոտայքի մարզի, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոց, Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց, Բերդաշենի միջնակարգ դպրոց Շիրակի մարզի, Կապսի միջնակարգ դպրոց Շիրակի մարզի, Վաղատինի միջնակարգ դպրոց Սյունիքի մարզի, Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց Սյունիքի մարզի, Դարպասի միջնակարգ դպրոց Սյունիքի մարզի, Գոմքի միջնակարգ դպրոց Վայոց Ձորի մարզի, Եղեգիսի միջնակարգ դպրոց Վայոց ձորի մարզի, Վայոց ձորի մարզի Չիվայի միջնակարգ դպրոց, Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոց, Արմավիրի Արգինայի միջնակարգ դպրոց և Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց:
Նաև ուզում եմ ընդգծել, որ այս հատկացումով աշխատանքներ կիրականացվեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնանորոգման համար: Աշխատանքներ կիրականացվեն նաև հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում: Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ընթանում են Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Գումար է հատկացվում Հայաստանի պատմության թանգարանի ջեռուցման և օդափոխման համակարգի տեղադրման աշխատանքներն ավարտին հասցնելու մասին: Գիտեք, որ սա նույնպես շատ կարևոր ծրագիր է, որովհետև համապատասխան ժամանակակից համակարգեր չունենալու պատճառով գեղանկարների պահպանման խնդիրներ են լինում:
Նախագծով հստակեցնում ենք նաև մի շարք վերանորոգվող հուշարձանների ցանկ, մասնավորապես, գումար է հատկացվում աշխատանքներ իրականացնելու Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահինի վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, Լոռու մարզի Քոբայրավանքի սեղանատան վերանորոգման համար, Տավուշի մարզի Գոշ համայնքի Գոշավանքի վերականգնման համար, Տավուշի մարզի Դիլիջանի Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանում նորոգման և ամրակայման աշխատանքներ իրականացնելու համար, նաև Ագարակ համայնքի, Արագածոտնի մարզի Ագարակ վաղ բրոնզե դարի կացարանների միջնադարյան համալիրի և պարսպապատի ամրակայման համար, Դսեղ համայնքի Բարձրաքաշի Սուրբ Գրիգորի վանական համալիրի կառույցների վերականգնման, Շիրակի մարզում՝ Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման և Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման, Վայոց ձորի մարզի Շատիվանքի վանական համալիրի ամրակայման, մասնակի վերականգնման և տարածքի բարեկարգման համար:
Այս բոլոր ուղղություններով աշխատանքներ կատարելու հանձնարարականներ հնչել են 2021թ-ին՝ կառավարության նախորդ նիստերում: Իհարկե այլ ուղղություններով էլ աշխատանքներ ունենք իրականացնելու, որոնց մի մասն ընթացքի մեջ են, մյուս մասը՝ կմեկնարկեն: Հրապարակված այս ցանկը նախ ցույց է տալիս աշխատանքների աշխարհագրությունը, երկրորդ՝ այս բոլորը շատ կոնկրետ կապիտալ ներդրումներ են, որոնք պետք է կոնկրետ ազդեցություն ունենան կրթության, սպորտի ոլորտներում և նաև զբոսաշրջության ոլորտում»:
Այս համատեքստում վարչապետն ընդգծել է նախատեսվող աշխատանքների պատշաճ որակով իրականացնելու կարևորությունը. «Ընդ որում, որակ ասելով նկատի չունեմ միայն զուտ տեխնիկականը, այլև շատ կարևոր է նաև էսթետիկական որակը, հատկապես վերականգնվող հուշարձանների պարագայում: Ես հիմա չեմ ուզում կոնկրետացնել, բայց մեկ-երկու հուշարձանի հետ կապված, որոնք արդեն համարվում են վերականգնված, դիտողություններ եմ արել և հանձնարարականներ տվել: Ակնկալում եմ, որ դրանք պատշաճ ձևով և պատշաճ ժամկետներում կիրականացվեն»:
Հաստատվել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը
Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը: Ծրագրի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է պատերազմի հետևանքով տեղահանված մի խումբ անձանց, մասնավորապես՝ Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին։ Ըստ այդմ, սահմանվում է շահառուների կողմից հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում պետական աջակցության ծրագիրը, ծրագրի շրջանակում նախատեսված աջակցության չափը, ծրագրի պայմանները։ Ծրագրի շրջանակում Արցախի առանձին շրջաններից տեղահանված լինելու փաստը Արցախի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո պոտենցիալ շահառուները կարող են դիմել և ստանալ ծրագրի շահառու հանդիսանալու մասին սերտիֆիկատ։ Այնուհետև շահառու ընտանիքի կողմից ընտրված վայրում բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով բանկից կամ այլ ֆինանսավորող կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու պարագայում սերտիֆիկատի միջոցով պետությունը վարկային ժամանակացույցին համապատասխան կիրականացնի մայր գումարի և տոկոսագումարի. մասնավորապես՝ Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով վճարումները, ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով վճարումները, Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով վճարումները: Ֆինանսավորող կազմակերպությունները վարկային հայտը դիտարկելիս պետության կողմից սուբսիդավորվող գումարների մասով չեն կատարի վարկառուի վարկունակության գնահատում, այսինքն, եթե վարկի գումարը չի գերազանցում պետության կողմից սուբսիդավորվող վերը նշված չափերը, ապա շահառուն սերտիֆիկատի ներկայացման դեպքում կարիք չի ունենա ֆինանսավորող կազմակերպությանը ներկայացնել իր վարկունակությունը հավաստող լրացուցիչ տեղեկատվություն և տեղեկանքներ (աշխատավարձ, այլ եկամուտներ և այլն)։ Ծրագիրը հնարավորություն կտա 3000-ից ավելի տեղահանված ընտանիքներին պետության աջակցությամբ ձեռք բերել կամ կառուցել իրենց սեփական բնակելի տներն ու բնակարանները:
Կերկարաձգվի տնտեսավարողներին տրամադրվող պետական օժանդակության ժամկետը
Կառավարության որոշմամբ 6 ամսով կերկարաձգվի տնտեսավարողներին 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո կոնյակի սպիրտների այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռք բերման համար վճարված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքերի չափով տրամադրվող պետական օժանդակության տրամադրման ժամկետը: Այն հնարավորություն կտա ապահովելու շուրջ 6 մլն լիտր (2019 թվականին արտահանված տեղական արտադրության կոնյակի սպիրտի մակարդակի 50%-ը) կոնյակի սպիրտի արտահանում և կազմակերպելու 2022 թ. ակնկալվող խաղողի մթերումների գործընթացը։ Հիմնավորման համաձայն՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված 2019 թ. համեմատությամբ 2020 և 2021 թվականներին զգալիորեն նվազել են կոնյակի սպիրտի իրացման, այդ թվում՝ արտահանման ծավալներն ու դրանց արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների ֆինանսական մուտքերը։ 2019 թվականին կոնյակի սպիրտի արտահանման ծավալը կազմել է 14.5 մլն լիտր, իսկ 2020 թվականին՝ 7.1 մլն լիտր, որը 2019 թվականի համեմատությամբ նվազել է 7.4 մլն լիտրով կամ շուրջ 49 %-ով։ 2021 թվականի 10 ամիսներին կոնյակի սպիրտի արտահանման ծավալը կազմել է 5.4 մլն լիտր նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 6.6 մլն լիտրի դիմաց, կամ 2021 թվականի 10 ամիսներին կոնյակի սպիրտի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 1.2 մլն լիտրով կամ շուրջ 18 %-ով։ 2019 թ. մթերվել է շուրջ 163.0 հազար, 2020 թվականին՝ շուրջ 235.0 հազար, իսկ 2021 թ. շուրջ 195.0 հազար տոննա խաղող։ Ըստ գնահատականների մթերված խաղողի շուրջ 90 %-ն ուղղվում է կոնյակի սպիրտի արտադրությանը։ Եթե հաշվի առնենք, որ միջին հաշվով 12 կգ խաղողից ստացվում է 1 լիտր կոնյակի սպիրտ, ապա 2019 թվականին արտադրված կոնյակի սպիրտի ծավալը կազմում է շուրջ 12.2 մլն լիտր, 2020 թվականին` շուրջ 17.6 մլն լիտր, իսկ 2021 թվականին՝ շուրջ 14.6 մլն լիտր: Հաշվի առնելով, որ տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա է ավելի քան 44.4 մլն լիտր կոնյակի սպիրտի մնացորդ և 2022 թ. խաղողի բերքի մթերման համար անհրաժեշտ է ապահովել կոնյակի սպիրտի պահման ազատ տարողություններ՝ կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու նպատակով անհրաժեշտ է օժանդակության տրամադրման ժամկետն երկարաձգել ևս 6 ամսով՝ մինչև 2022 թ. հունիսի 30-ը։
Կսահմանվի ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգ
Կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը: Ըստ այդմ առաջարկվում է սահմանել անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություն մատուցող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (http:// www.petekamutner.am) ստեղծվում է ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգ: Հաշվառվելու համար ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետք է մուտք գործի էլեկտրոնային ԱԱՀ համակարգ և պատասխանի առցանց եղանակով տրվող հարցերին (հարցերը տրվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Բոլոր հարցերին դրական պատասխան տալուց հետո ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ընտրում է գրանցվել ֆունկցիան` լրացնելով ու հաստատելով էլեկտրոնային փոստի հասցեն: Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաղորդագրություն` էլեկտրոնային ԱԱՀ համակարգում առցանց գրանցման մասին: Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ էլեկտրոնային ծառայություն մատուցող` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` հարկային մարմնում հաշվառվելու համար: Ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացրած դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ռեզիդենտ կազմակերպությանը հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ:
Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, որով նախատեսվում է կազմակերպել թույլատվական փաստաթղթերի ստացման նպատակով հայտատուների կողմից դիմումների ներկայացման և թույլատվական փաստաթղթերի ստացման էլեկտրոնային եղանակով գործընթաց: Այն կկազմակերպվի «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով:
Շենգավիթում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան
Կառավարությունն ընդունել է «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման վայրի հետնամասում գտնվող տարածքում առկա գույքերի նախնական ուսումնասիրման մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում այդ տարածքում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։ Շինարարական աշխատանքները ներառում են՝ կայանատեղիի, գազալիցքավորման կայանի, լվացման կայանի, ադմինիստրատիվ շենքի, սպասարկման շինության և այլնի կառուցում: Հավաքակայանի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ կառավարության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 100 սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների գնմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում բացի նշված հարյուր ավտոբուսներից ձեռք է բերվել 211 նոր քաղաքային ավտոբուսներ։ Գոյություն ունեցող հավաքակայանների վիճակը ներկայումս անբավարար է և դրա պայմանները չեն բավարարում թե՛ քաղաքային ավտոբուսների հավաքակայանի շահագործման, թե՛ աշխատակիցների աշխատանքային պայմանների և անվտանգության անհրաժեշտ չափանիշներին։ Սեյսմիկ խնդիրների պատճառով առկա դեպոյի շենքերից շատերն իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում և ենթակա չեն շահագործման։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի կառուցել բարձրորակ, էկոլոգիապես մաքուր ավտոբուսային հավաքակայան: Հավաքակայանի կառուցման համար տրամադրված հողատարածքի ընդհանուր չափը 12 հա է։ Հավաքակայանը նախատեսվում է կառուցել 400 ավտոբուսների շահագործման համար:
Միջազգային համագործակցություն
Հավանություն է տրվել 2021 թ. մայիսի 14-ին Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների համապատասխան տարածքների միջև օդային հաղորդակցություններ հաստատելը և նման հաղորդակցությունների հետ կապված միջազգային համագործակցությունը հնարավորինս խթանելը: Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկկողմ կանոնավոր թռիչքների ապահովմանը, կխթանի երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանը: Կանոնավոր չվերթների իրականացումը խիստ դրականորեն կանդրադառնա սիրիահայ համայնքի դեպի Հայաստան շարժի, ինչպես նաև միջպետական, խորհրդարանական և այլ պատվիրակությունների փոխայցելությունների վրա։ Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք իրավական կարգավորմանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ աշխատանքի էլեկտրոնային բորսայի նախագծումը, մշակումը և ներդրումը կապահովի հետևյալ հիմնական արդյունքները՝ առցանց ծառայությունների մատուցում ՀՀ քաղաքացիներին և գործատուներին՝ անհատական կաբինետի համապարփակ գործիքակազմի ապահովմամբ, հանրության շրջանում իրազեկման մակարդակի բարձրացում, բիզնես-գործընթացների թափանցիկության, արդյունավետության և հասցեականության բարձրացում, հաշվետվողականության հնարավորությունների ընդլայնում՝ վերլուծությունների և վիճակագրական նյութերի ձևավորման մոդուլի կիրառմամբ և այլն:
Այլ որոշումներ
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման, օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2021թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 65 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (28 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (37 գործ), կողմից տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգում: Գործող կարգում սահմանված չէ, թե համատեղությամբ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձը որքան ակադեմիական ժամ ծանրաբեռնվածության դեպքում կարող է հավակնել դոցենտի գիտական աստիճան ստանալու համար: Հստակեցվել է համատեղությամբ աշխատողը երբ կարող է դիմել դոցենտի գիտական կոչում ստանալու համար` եթե գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվում է առնվազն 150 ակադեմիական ժամ ժամավճարով: Նոր կարգավորմամբ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, որոնք ունեն դոցենտի կոչում շնորհվում է պրոֆեսորի գիտական կոչում, եթե նրանք ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 25 տարվա ստաժ, առնվազն վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում: Հստակեցվել են նաև աշխատանքային ստաժի տարիները:
Գործադիրի որոշմամբ Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը կվերակազմակերպվի և կմիանա Հայաստանի ազգային ագրարային համալսարանին: Միավորումից հետո քոլեջը գործելու է որպես Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր: Միավորումը կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը, պրոֆեսորադասախոսական կազմի որակական բարձր մակարդակի պահպանմանը: Բացի այդ, ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի, տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների ավելի արդյունավետ կառավարելու արդյունքում ֆինանսական միջոցների խնայողությունը թույլ կտա դրանք առավել նպատակային ներդնել կրթական ծրագրերի հետագա զարգացման, ուսումնական հաստատությունը համապատասխան գույքով ու սարքավորումներով համալրելու և հագեցնելու, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման գործում:
https://armenpress.am/arm/news/1075812.html