Պաշտպանի փոխանցմամբ, ձեռք են բերվել նոր ապացույցներ Ադրբեջանի կողմից Արցախում քիմիական տարրեր պարունակող զինատեսակի կիրառության վերաբերյալ
Monday, December 7, 2020Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ձեռք է բերել նոր ապացույցներ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում քիմիական տարրեր (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակի կիրառության վերաբերյալ։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա տեղեկացրել է, որ ապացույցները ձեռք են բերեել Այրվածքաբանության ազգային կենտրոնում՝ բժշկի և իրավաբանի հետ միասին։ Ուսումնասիրությունները կատարվել են հատուկ սարքերի օգնությամբ:
«Բժիշկների եզրակացությամբ՝ զինծառայողների վնասվածքները, այտուցները (հատկապես վերին վերջույթներում) պահպանվում են տևական ժամանակ, այրվածքներից առաջացած վերքերը տեղ-տեղ խորն են, մոխրացած եզրերով, մերթընդմերթ՝ արյունահոսող, բուժմանը՝ դժվար ենթարկվող: Արյան մեջ նկատվում է կալցիումի և հեմոգլոբինի ցածր մակարդակ (հիպոկալցեմիա), դիտվում է լյարդի և փայծաղի չափերի մեծացում (հեպատոսպլենոմեգալիա): Ըստ մասնագետ բժիշկների՝ կիրառված զինատեսակներից արտանետված նյութերը շնչուղիներով օրգանիզմ ներթափանցելու դեպքում առաջանում է ներքին օրգանների ախտահարում, ինչը կարող է հանգեցնել առողջության երկարատև քայքայման, ընդհուպ՝ մահվան», - նշել է պաշտպանը:
Թաթոյանը, վկայակոչելով բժիշկներին, նշում է, որ պատերազմի առաջին օրերից տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց մեծ մասի մոտ դրանք տարբերվել են մինչ այդ բժիշկների պրակտիկայում հանդիպած դեպքերից:
«Այցի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ բուժանձնակազմի հետ, առանձնազրույցներ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ: Վերը նշված և բոլոր մյուս փաստերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացել են անհրաժեշտ իրավական ամրագրում, կկատարվեն լրացուցիչ մասնագիտական ուսումնասիրություններ ու ըստ արդյունքների՝ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր», - տեղեկացրել է Թաթոյանը:
Նշենք, որ պատերազմի օրերին Պաշտպանության բանակը տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով, որ հակամարտության գոտում Ադրբեջանը ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է կիրառել։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հերթին հայտարարեց, որ օգտագործվել է զանգվածային ոչնչացման բնույթի զինատեսակ, որը կիրառվում է շրջակա միջավայրի, քաղաքացիական բնակիչների դեմ։ Օմբուդսմենի փոխանցմամբ, այն կիրառվել է Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառային տարածքներում, որտեղ զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչները:
https://www.azatutyun.am/a/30985730.html