Պաշտոնական Բաքուն հայտնում է՝ Ադրբեջանում պահվում է 5 էթնիկ հայ, հայկական կողմում է գտնվում 2 ադրբեջանցի քաղաքացիական անձ
Tuesday, January 5, 2021Այս պահին հայկական կողմում գտնում է 2 ադրբեջանցի քաղաքացիական անձ, իսկ Ադրբեջանում պահվում է հինգ էթնիկ հայ՝ երկուսը զինվորական, երեքը՝ քաղաքացիական անձ։ Տեղեկատվությունը փոխանցվել է Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեին։ Այս մասին, ըստ «Թուրան» գործակալության, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Գերիների, ռազմագերիների և անհետ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական աղբյուրները Ադրբեջանում գտնվող հայ գերիների և ռազմագերիների մասին թվեր չեն հրապարակում։ Ադրբեջանում գտնվող 80 գերեվարվածների հարցով փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը Եվրոպական դատարան դիմումներ են ներկայացրել, ավելի քան 100 դիմում էլ ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը։
Ընդհանուր առմամբ պատերազմից հետո Հայաստան վերադարձված գերիների թիվը 54 է, թեև հայկական կողմում կան տվյալներ, որ գերեվարվածների թիվը մոտ չորս անգամ ավելի է։ 14 անձ էլ վերադարձվել է Բաքու, այդ թվում՝ 2014-ին դիվերսիայի և մարդասպանության համար Արցախում դատապարտված Դիլհամ Ասկերովն և Շահբազ Գուլիևը։
https://www.azatutyun.am/a/31034584.html