Չարչարանք և յետոյ փառք. Մարգարէութիւն
Wednesday, September 29, 20211 Իմ Աստուած, իմ Աստուած, ի՞նչի համար ես թողել ինձ. Հեռու ես իմ փրկութիւնիցը և իմ հառաչանքի խօսքերիցը։
2 Ով իմ Աստուած, ես կանչում եմ ցերեկը, բայց դու չես պատասխանում. Գիշերն էլ՝ բայց հանգստութիւն չ՛կայ ինձ համար։
3 Բայց դու սուրբ ես, ով Իսրայէլի գովութիւնների մէջ բնակողդ։
4 Քեզ յուսացան մեր հայրերը. Նորանք յուսացան եւ դու փրկեցիր նորանց։
5 Դէպի քեզ աղաղակեցին, եւ ազատուեցան. քեզ յոյս դրին եւ չ՛ամաչեցին։
6 Իսկ ես որդ եմ եւ չէ թէ մարդ. մարդկանց նախատինք եւ ժողովրդի անարգանք։
7 Ամեն ինձ տեսնողները ծաղր են անում ինձ. Իրանց շրթունքները բաց են անում և գլուխ շարժում։
8 Նա Տիրոջը յուսացաւ, թող ազատէ դորան. թող փրկէ դորան՝ եթէ հաւանել է դորան։
9 Իրաւի՝ դու ես որ հանեցիր ինձ իմ մօր արգանդիցը. Դու եղար իմ յոյսը՝ իմ մօր ծծի վերայ։
10 Ես իմ մօր արգանդիցը քեզ վերայ եմ գցուած. Իմ մօր փորիցը դու ես իմ Աստուածը։
11 Մի հեռանար ինձանից, որովհետեւ նեղութիւնը մօտ է, որովհետեւ օգնութիւն անող չ՛կայ։
12 Իմ չորս կողմը շատ զուարակներ պատեցին, եւ բասանի զօրեղ եզները պաշարեցին ինձ։
13 Իրանց բերանը բաց արին ինձ վերայ, ինչպէս գոռող եւ յափշտակող առիւծ։
14 Ես ջուրի պէս թափուեցայ, եւ իմ ամեն ոսկորները լուծուեցան. սիրտս որովայնումս հալած մոմի պէս եղաւ։
15 Զօրութիւնս չորացաւ խեցիի պէս, եւ լեզուս քիմքիս է կպած. Եւ դու մահի հողի մէջ դրիր ինձ։
16 Որովհետեւ շուները պատեցին ինձ, եւ չարերի ժողովքը շրջապատեցին ինձ. իմ ձեռքերն ու ոտքերը ծակեցին։
17 Ես համարում եմ իմ ամեն ոսկորները, բայց նորանք նայում եւ դիտում են ինձ։
18 Շորերս բաժանում են իրանց մէջ, եւ պատմուճանիս վերայ վիճակ են գցում։
19 Բայց դու, ով իմ Տէր, մի հեռանար. Ով իմ զօրութիւն, ինձ օգնութեան շտապիր։
20 Փրկիր իմ անձը սուրիցը, եւ իմ կեանքը՝ շան ձեռքիցը։
21 Ազատիր ինձ առիւծի բերանիցը, եւ պատասխանիր ինձ գոմէշի եղջիւրներիցն ազատելով։
22 Ես քո անունը կ՛պատմեմ իմ եղբայրներին. Ժողովրդի մէջ կ՛օրհնեմ քեզ։
23 Ով Տէրիցը վախեցողներ, օրհնեցէք նորան. Ով Յակոբի ամեն զաւակները, փառաւորեցէք նորան. Եւ վախեցէք նորանից, ով Իսրայէլի բոլոր զաւակները։
24 Որովհետեւ նա չ՛անարգեց եւ չ՛արհամարհեց խեղճի խղճութիւնը, եւ չ՛ծածկեց նորանից իր երեսը. Բայց երբոր նա աղաղակեց դէպի նորան՝ նա ականջ դրաւ։
25 Քեզ օրհնութիւն կ՛տամ մեծ ժողովրդում. իմ ուխտը կ՛կատարեմ նորանից վախեցողների առաջին։
26 Թող խեղճերն ուտեն եւ կշտանան. Թող օրհնեն Տիրոջը նորան խնդրողները. ձեր սիրտը թող ապրի յաւիտեան։
27 Երկրի ամեն ծայրերը կ՛յիշեն եւ Տիրոջ մօտ կ՛դառնան. Հեթանոսների ամեն ազգերը քո առաջին երկրպագութիւն կ՛անեն։
28 Որովհետեւ Տիրոջն է թագաւորութիւնը, եւ նա իշխանութիւն է անում հեթանոսների մէջ։
29 Երկրի ամեն պարարտները կ՛ուտեն եւ երկրպագութիւն կ՛անեն. նորա առաջին վայր կ՛ընկնեն ամեն հողը իջնողները, որ իրանց անձը չեն ապրեցնում։
30 Սերունդը կ՛ծառայէ նորան. նա Տիրոջը ազգ կ՛համարուի։
31 Կ՛գան եւ նորա արդարութիւնը կ՛պատմեն այն ծնուելու ժողովրդին. Թէ Այս ամենը նա արաւ։