Ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը
Monday, September 27, 20212020 թվական, սեպտեմբերի 27, ժամը 07։10. տեղի ունեցավ հայ ազգի համար ամենասարսափելին՝ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին իսկ պահից պարզ էր, սա հերթական արցախա-ադրբեջանական սահմանային միջադեպը չէ, բայց ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ այն կտևի 44 օր։
Ադրբեջանական ԶՈւ-ն, Արցախի դեմ մղված պատերազմի ողջ ընթացքում կիրառում էր չթույլատրված զինատեսակներ, այդ թվում քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Առկա են բազմաթիվ իրեղեն ապացույցներ, որ թշնամին խոշտանգում է հայ գերիներին։
Չնայած ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը խախտում էր այն։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն էին ստորագրել։
Հայկական կողմը կորցրեց Արցախի 7 շրջան, Շուշին ու Հադրութը։ Այդ գիշեր Ռուսաստանը ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով մոտ 2 հազար խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա ուղարկեց Արցախ։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3781 է։ Այսօրվա դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված՝ ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:
Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, անգամ մեկ տարի անց ադրբեջանական կողմը չի վերադարձնում բոլոր հայ ռազմագերիներին։
https://armenpress.am/arm/news/1064094.html