Ո՞ղջ է արդյոք Հյուսիսային Կորեայի առաջնորդը, թե ոչ
Thursday, April 30, 2020Հյուսիսային Կորեան շարունակում է լռություն պահպանել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի ու գտնվելու հարցում: Այդ պատճառով շատերն են մտածում, որ նա այլեւս չկա: Այս համոզմունքը խորացավ հատկապես ապրիլի 15-ին: Դրանից առավել կարեւոր օր այս երկրում չկա: Այդ օրն են այստեղ նշում երկրի հիմնադիր Կիմ Իլ Սունգի ծննդյան տարեդարձը, եւ իր պապի ծննդյան հանդիսավոր արարողությանը Կիմ Չեն Ընի բացակայությունը խորացնում է վերջինիս մահացած լինելու շուրջ կասկածները:
Արդյո՞ք նա ենթարկվել է սրտի անհաջող վիրահատության, արդյո՞ք կանգ է առել երիկամների աշխատանքը, արդյո՞ք նա իսկապես վիրավորվել է բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումներից մեկը դիտելու ժամանակ: Սրանք հարցեր են, որոնք շարունակ պտտվում են հատկապես այս երկրից դուրս:
Բայց կա նաեւ տեսակետ, որ Կիմը պարզապես հանգստանում է ծովափնյա իր առանձնատանը` Վոնսանի ափերում:
Ասենք, որ սա Կիմի այսպես ասած անհետացման առաջին դեպքը չէ: Սա նաեւ նրա ամենաերկար բացակայությունը չէ: Հունվար ամսին նա չերեւաց 21 օր: Անցյալ տարի մայիսին անհետացել էր 22 օրով:
2014 թվականին Կիմը բացակայեց 40 օր: Սակայն դրանից հետո երեւաց ձեռնափայտով:
Հարավային Կորեայի համալսարաններից մեկի պրոֆեսոր Պարկ Ուոն Գոնն նշում է Կիմ Չան Ընի շարունակ գիրանալու հանգամանքը, ինչը նրա խոսքերով, առողջական ինչ որ լուրջ խնդրի արտացոլում կարող է լինել:
Իսկ եթե Կիմն այն վիճակում է, որ այլեւս չի կարող ղեկավարել երկիրը, փորձագետները դժվարանում են ասել, թե ով կփոխարիներ նրան:
Նրա երեխաները դեռեւս շատ երիտասարդ են, եղբայրը շատ հեռու է քաղաքականությունից, հորեղբայրը թոշակառու է ու չունի ազդեցություն: Այդ պատճառով, ամենահավանական թեկնածուն կարող է լինել նրա քույրը` Կիմ Յո Չանը: Սակայն արդյո՞ք տղամարդկանց կողմից վերահսկվող այս երկրում կինը կստանա հավանություն: Սա դեռ մեծ հարց է:
Ուրեմն այդ դեպքում այս երկրի պատմության մեջ առաջին անգամ երկրի առաջնորդ կդառնա մեկը, որը չի ներկայացնում Կիմերի ընտանիքը:
Դա, ըստ հյուսիսկորեական հարցերով վերլուծաբան Ֆրենք Աումի, երկիրը կարող է տանել դեպի քաղաքական անկայունություն, երկրից կարող է սկսվել զանգվածային արտահոսք, իսկ միջուկային ծրագրի շուրջ անվտանգության թուլացումից կարող է սկսվել միջուկային նյութերի արտահոսք:
Սրանք իհարկե կարծիքներ են: Սակայն լուրջ մտահոգություններ են, եթե պարզվի, որ Կիմ Չան Ընն իրոք այլեւս չկա:
https://www.amerikayidzayn.com/a/5399347.html