Վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով, ԱՄՆ արդարադատության նախարարության 2021 թ. մարտի 9-ի որոշումը մեկ քայլ առաջ է Թուրքիային պատասխանատվության ենթարկելու առումով՝ մայրաքաղաք Վաշինգտոնի Շերիդիանի անունը կրող հրապարակում 2017թ. մայիսին Էրդողանի դեմ ցույց իրականացնող ցուցարարներին ծեծելու համար:
Արդարադատության նախարարության կարծիքով թուրք թիկնապահների գործողությունները ողջամիտ չէին, ուստի չեն նախատեսում անձեռնմխելիություն: Չկար որևէ սպառնալիք Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ: Նույն դիրքորոշմանն են ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները՝ արդարադատության նախարարին ու պետքարտուղարին ուղղված իրենց նամակում: Այս մոտեցումն ամրագրվել է նախօրեին Վաշինգտոնի դատարանի որոշմամբ, որը մերժել է թուրք թիկնապահներին անձեռնմխելիություն շնորհելու թուրքական կողմի հայցը, որի պնդմամբ այս դեպքում անհրաժեշտ է կիրառել առաջնորդների անձեռնմխելիության դրույթը:
''ԱՄՆ արդարադատության նախարարությունը, պետքարտուղարությունը իրենց ճեպազրույցներում նշում են, որ այո, օտարերկրյա առաջնորդներն ունեն անձեռնմխելիություն, բայց դա չի նշանակում, որ նրանց թիկնապահները կարող են պարզապես հարձակվել մարդկանց վրա'',- ասում է Ahval News-ի անգլերեն բաժնի խմբագիր, լրագրող Իլհան Թահիրը:
Թուրք լրագրող Իլհան Թահիրը հակված չէ կարծելու, որ այսպիսով ԱՄՆ նոր վարչակազմը փորձում է պատժել Թուրքիային: Երկու երկրների միջև առկա են բազմաթիվ այլ խնդիրներ, ներառյալ Սիրիայի քրդերի, ժողովրդավարության, մարդու իրավուքնների պաշտպանության, Ս-400 հրթիռների, թուրքական պետական Halkbank-ի և այլ հարցերի շուրջ:
''Չեմ կարծում, որ Բայդենի վարչակազմը ցանկանում է դաս տալ Թուրքիայի ղեկավար Էրդողանին և քաղաքական դիրքորոշում է որդեգրում այս հարցում: Կարծում եմ, որ առկա ապացույցները և բազմաթիվ տեսանյութերը հստակ ցույց են տալիս, որ Թուրքիայի նախագահի թիկնապահները ծեծում են մարդկանց, ովքեր անզեն են՝ հակառակ թուրք փաստաբանների պնդումներին: Ի դեպ մարդկանց մեծ մասն Ամերիկայի քաղաքացիներ են՛՛,- ընդգծում է Թահիրը:
Այս ամենն է՛լ ավելի է սրում Թուրքիայում հակաարևմտյան տրամադրությունները, իսկ իշխանամետ մամուլը անտեսում է ՛՛Շերիդան հրապարակ՛՛-ի գործի նոր ընթացքը: Էրդողանն ԱՄՆ-ին է մեղադրում բոլոր խնդիրների ու ոլորտների ձախողումների մեջ, ներառյալ տմտեսական, քաղաքական, պայքարն ահաբեկչության դեմ կամ քրդական հարց:
՛՛Թուրք հանրությունն արդեն հակաամերիկյան է տրամադրված առնվազն յոթ-ութ տարի շարունակ Էրդողանի հակաամերիկյան հռետորաբանության պատճառով՛՛,-շեշտում է Թահիրը:
Իլհան Թահիրը չի բացառում, որ գալիք ապրիլի 24-ին Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության հավանական ճանաչման հարցը կհանգեցնի նոր ճգնաժամի Վաշինգտոնի ու Անկարայի միջև:
՛՛Նախագահ Բայդենը կարող է որակել այն որպես ցեղասպանություն, ի տարբերություն Ռոնալդ Ռեյգանից հետո նախորդ մյուս նախագահների: Սա կարող է վերածվել առաջիկայում մեկ այլ խնդրի՛՛,- նշում է Թահիրը:
Թուրք լրագրողը վստահ է՝ այս բոլոր զարգացումները խորացնում են ճգնաժամը թուրք-ամերիկյան հարաբեչույուններում: Նախագահներ Բայդենի ու Էրդողանի այդպես էլ չկայացած հեռախոսազրույցը դրա վառ ու վերջին քսան տարիների համար աննախադեպ ապացույցն է:
https://www.amerikayidzayn.com/a/5825828.html