Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրն ու հայ- ամերիկյան համագործակցության օրակարգը
Friday, March 5, 2021ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է զրուցակցին այդ բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող մշտական աջակցությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ունեցած դերակատարումը: Կողմերն անդրադարձել են պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին:
Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացման կարևորությունը: Նա բարձր է գնահատել ժողովրդավարության ասպարեզում Հայաստանի արձանագրած ձեռքբերումները և վստահեցրել, որ ԱՄՆ շարունակելու է բարեփոխումների համար Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:
Երկուստեք կարևորվել է համագործակցությունը Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմի գնահատականների և բարեփոխումների ասպարեզում օժանդակություն տրամադրելու պատրաստակամության համար:
https://armenpress.am/arm/news/1045347.html