Նենսի Փելոսին շուտով կդառնա ԱՄՆ-ի կին ամենաբարձրաստիճան պաշտոնյան
Thursday, November 29, 2018ԱՄՆ - ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը որոշել է Նենսի Փելոսիին երկրորդ անգամ տեսնել Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում: Կոնգրեսականը վստահ է, որ իր թեկնածությունը հավանության կարժանանա նաեւ հունվարի սկզբին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում:
Շատ քչերն ունեն կասկածներ Փելոսիի փորձառության ու գիտելիքների հարցում: Սակայն փոքրաթիվ չեն նրանք, ովքեր ուզում են ղեկավարության կազմում տեսնել ավելի երիտասարդ անձանց: Չէ որ Փելոսին 78 տարեկան է, ասում են նրանք:
Վերլուծաբաններից Լարրի Սաբաթոյի խոսքերով, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավարությունը հիշեցնում է մեծահասակների խնամքի կենտրոն: Նրանք բոլորը մոտ ութսուն տարեկան են, ասում է նա ու շեշտում, որ առանց երիտասարդների, դեմոկրատների կուսակցությունը կկանգնի մեծ խնդիրների առջեւ:
Ինչեւէ, երբ դեմոկրատները հունվար ամսից Ներկայացուցիչների պալատում կազմեն մեծամասնություն, սպասվում է, որ հետաքննություն կսկսեն նախագահի հարցով, նախագահական ընտրապայքարի հետ կապված: Նրանք ասել են, որ հետաքննելու են նաեւ նրա բիզնեսին վերաբերող հարցեր:
Փելոսին, որն այդ ժամանակ կնախագահի նիստերը, ասում է, որ հետաքննությունն անցկացնելու են ամենայն մանրամասնությամբ:
Նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատների հաղթանակից հետո հայտարարել է, որ աջակցում է Ներկայացուցիչների պալատում Փելոսիի թեկնածությունը որպես Պալատի նախագահ:
‘’Ես հավատացած եմ, որ միասին մենք կարող ենք լավ աշխատել ու շատ հարցեր լուծել’’, ասել է Թրամփը:
Ասենք, որ Ներկայացուցիչների պալատի նախագահը Միացյալ Նահանգներում համարվում է երրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան երկրի նախագահից ու փոխնախագահից հետո: Այդ առումով Փելոսին հունվար ամսին կդառնա ԱՄՆ-ի կին ամենաբարձրաստիճան պաշտոնյան:
Source: https://www.amerikayidzayn.com/a/4680094.html