Նախագահ դառնալու դեպքում Բայդենը պետք է հենց առաջին օրը վերջ դնի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից հրաժարվելուն․ National Interest
Thursday, November 5, 2020Եթե Ջո Բայդենը դառնա ԱՄՆ նախագահ, ապա նա պետք է առաջին հերթին արտաքին քաղաքականության հարցում երկրի երկու կուսակցությունների ջանքերն ուղղի Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելուն։ Այսպիսի միտք է հնչեցրել Վաշինգտոնում գործող Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի գիտնական Մայքլ Ռուբինը National Interest հանդեսում հրապարակված հոդվածում։
Հեղինակը պատմում է, թե ինչպես է Խորհրդային Միության ժամանակ Իոսիֆ Ստալինը Արցախը փոխանցել ադրբեջանական վերահսկողության տակ, և հակիրճ ներկայացնում է 30 տարի առաջ հայերի մղած պատերազմը Արցախի համար։
Հոդվածագիրը նշում է, որ առաջին պատերազմի և էթնիկ զտումների մասին հաղորդումների ֆոնին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր «Ազատության աջակցման օրինագիծը», որի 907-րդ կետի համաձայն՝ «ԱՄՆ-ն չի կարող օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, մինչև նախագահը չորոշի և չզեկուցի Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը տեսանելի քայլեր է կատարում՝ ուղղված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակմանը և ուժի գործադրմանը վերջ դնելուն»։
Ադրբեջանը երկար ժամանակ էր պայքարել այս պատժամիջոցի դեմ։ Հեղինակը նշում է, որ այս ամենը փոխվել էր 2001-ի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Ալ-Քաիդայի ահաբեկիչների դեմ պայքարում միացել էր ԱՄՆ-ին։ Ադրբեջանի տարածքն օգտագործվել էր մի շարք հակաահաբեկչական գործողությունների համար։
Այսպիսով, օրենքի 907-րդ կետում փոփոխություն էր կատարվել, և ԱՄՆ-ն հրաժարվել էր Ադրբեջանին օգնություն տրամադրելու սահմանափակումներից։ Փոփոխության մեջ միևնույն ժամանակ նշվել էր, որ սահմանափակումներից հրաժարումը «չի խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ լուծման շարունակվող ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական գործողություններ իրականացնելու նպատակով»։
Ըստ Մայքլ Ռուբինի, սակայն, Ադրբեջանի ներկա հարձակումը խախտում է 907-րդ կետում կատարված փոփոխությունների բոլոր պահանջները։ Հեղինակը նշում է, որ Ադրբեջանն աշխատում է Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի վարձկանների հետ, որոնցից շատերը նախկինում եղել են Ալ-Քաիդայի հետ կապված խմբավորումների կամ «Իսլամական պետության» անդամ։
«Որպես ագրեսոր՝ ադրբեջանական ուժերը ծաղրում են իրենց սեփական սահմանային անվտանգությունը և նաև խարխլում են խաղաղ կարգավորման ցանկացած հնարավորություն», – նշվում է հոդվածում։
https://www.shantnews.am/news/view/797476.html