Յաղթութեան երգ։ Երգողների գլխաւորին. Դաւիթի սաղմոս.
Monday, December 19, 20221 Թող Աստուած վեր կենայ, նորա երեսիցը փախչեն նորան ատողները։
2 Ինչպէս որ ծուխը փչանում է՝ փչացրու նորանց. ինչպէս որ մոմը հալվում է կրակի առաջին, թող ամբարիշտները կորչեն Աստուծոյ երեսիցը։
3 Բայց արդարները պիտի ուրախանան եւ ցնծան Աստուծոյ առաջին, եւ զուարճանան ուրախութիւնով։
4 Երգեցէք Աստուծուն. Սաղմոս ասեցէք նորա անունին. Ճանապարհ պատրաստեցէք անապատի միջովը հեծած եկողին. Եահ է նորա անունը. Եւ ցնծացէք նորա առաջին։
5 Որբերի հայր եւ որբեւայրիների դատաւոր է Աստուած իր սրբութեան տեղումը։
6 Աստուած մինակներին բնակեցնում է տան մէջ, գերիներին հանում է յաջողութեան մէջ. Բայց ապստամբուածները բնակվում են չոր տեղում։
7 Ով Աստուած, դու քո ժողովրդի առաջից գնալիս, անապատի մէջ անց կենալիս, (Սէլա։)
8 Երկիրը դողաց եւ երկինքը շաղ թափեց Աստուծոյ երեսիցը. Այն Սինա սարն էլ դողաց Աստուծոյ՝ Իսրայէլի Աստուծոյ երեսիցը։
9 Առատութիւնների անձրեւ տեղացիր, ով Աստուած. քո ժառանգութիւնը՝ որ յոգնած էր՝ դու զօրացրիր։
10 Քո ժողովուրդը բնակուեց այնտեղ. քո քաղցրութիւնովը կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ով Աստուած։
11 Տէրը տալիս է խօսքը. Աւետարանողները մեծ բազմութիւն են։
12 Զօրութիւնների թագաւորները կ՛փախչոտեն, բայց տան մէջ բնակող կինը կ՛բաժանէ աւարը։
13 Երբոր մակաղների մէջտեղերումը հանգստանում էք, աղաւնիի թեւերը փայլում են արծաթով պատած, եւ նորանց փետուրները՝ դեղին ոսկիով։
14 Ամենակարողը թագաւորներին այն երկրումը ցրուելու ժամանակ, փայլուն եղաւ ինչպէս ձիւն Սաղմօնումը։
15 Ով Աստուծոյ սար, Բասան, ով բարձր եւ պարարտ սար.
16 Ով բարձր սարեր, ի՞նչու էք նախանձով նայում. սա այն սարն է որ Աստուած նորան հաւանեց նորա վերայ բնակուելու համար. Տէրը յաւիտեան կ՛բնակուի նորանում։
17 Աստուծոյ կառքերը երկու բիւր են՝ հազարապատիկ. Տէրը նորանցում է՝ Սինայումը՝ սրբութեան տեղումը։
18 Վեր ելար բարձր տեղերը, գերի արիր գերութիւնը. պարգեւներ առիր մարդկանց համար եւ ապստամբուածների համար էլ, որ Աստուած այնտեղ բնակուի։
19 Օրհնեալ է Տէրը օրէ ցօր. Եթէ բեռ դնելու լինին մեզ վերայ, Աստուած է մեր փրկութիւնը։ (Սէլա։)
20 Աստուած մեզ համար փրկութեան Աստուած է, եւ Տէր Եհովան ազատում է մահից։
21 Սակայն Աստուած կ՛փշրէ իր թշնամիների գլուխը եւ նորանց մազոտ գագաթը որ դնում են իրանց անօրէնութիւնների մէջ։
22 Տէրն ասեց. Բասանիցը ետ կ՛դարձնեմ նորանց՝ ծովի անդունդիցը ետ կ՛դարձնեմ։
23 Որ քո ոտը արիւնով թրջես եւ քո շների լեզուն թշնամիներիցն իր բաժինը առնէ։
24 Տեսան քո գնացքը, ով Աստուած. Իմ Աստուծոյ՝ իմ թագաւորի գնացքը սրբութեան մէջ։
25 Առաջ երգեցողները գնացին, յետոյ նուագածուները՝ թմբուկ ածող կոյս աղջիկների մէջտեղը։
26 Ժողովուրդների մէջ օրհնեցէք Տէր Աստուծուն, դուք որ Իսրայէլի աղբիւրիցն էք։
27 Այնտեղ է փոքր Բենիամինը՝ նորանց տիրապետողը. Յուդայի իշխաններն՝ իրանց խումբովը. Զաբուղօնի իշխաններն, Նեփթաղիմի իշխանները։
28 Քո Աստուածը հաստատեց քո զօրութիւնը. Զօրացրու նորան, ով Աստուած, որ մեզ համար արիր։
29 Քո տաճարի համար Երուսաղէմումը թագաւորներն ընծայ կ՛բերեն քեզ։
30 Սաստիր եղէգի գազանին, արջառների ժողովքի՝ ազգերի երինջների հետ. որ երեսի վերայ ընկնեն արծաթի կտորներովը. Ցրուիր այն ազգերը որ կռիւ են կամենում։
31 Իշխաններ կ՛գան Եգիպտոսիցը. Եթոպացիքն իրանց ձեռքերը կ՛մեկնեն դէպի Աստուած։
32 Ով երկրի թագաւորութիւններ, երգեցէք Աստուծուն, սաղմոս ասեցէք Տիրոջը. (Սէլա։)
33 Նորան՝ որ յաւիտենից նստում է երկինքների երկնքի վերայ. Ահա իր ձայնովը զօրաւոր ձայն կ՛տայ։
34 Զօրութիւն տուէք Աստուծուն. Նորա մեծ փառաւորութիւնը իսրայէլի վերայ, եւ նորա զօրութիւնը ամպերի մէջ է։
35 Զարմանալի ես քո սրբութեան տեղումը, ով Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Նա զօրութիւն եւ կարողութիւն է տալիս ժողովրդին. Օրհնեալ է Աստուած։