Միջազգային սկանդա՞լ կպայթի. Երևանում Բաքվի ենթադրյալ լրտեսն աշխատել է Լոնդոնում
Tuesday, March 9, 2021ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը հայտնվել է աղմկահարույց քննարկումների կենտրոնում:
Այսօր Հայաստանի ԱԳՆ-ից պաշտոնապես հայտնեցին, որ Կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Մարիան Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ:
Գերատեսչությունից նշում են՝ հայկական կողմի համար խնդրահարույց է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը:
Թե ինչ թերացումների մասին է խոսքը՝ պաշտոնական Երևանը չի մանրամասնում: Հայտնի է միայն, որ Մարիան Քլարկ-Հաթինգը լքել է Հայաստանը:
Երեկ, սակայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի՝ Հայաստանից հեռանալու մասին տեղեկությունները հաստատվելուց առաջ, լուրեր շրջանառվեցին, թե նա, իբր, Հայաստանում աշխատելուն զուգահեռ՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի լրտեսություն է արել: Այս տեղեկություններն ԱԱԾ-ից ո՛չ հաստատում են, ո՛չ էլ հերքում:
Ի դեպ, Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է այս մասին հրապարակումները: Մարիան Քլարկ-Հաթինգը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թվականի հուլիսին։ Մինչ ՅՈՒՆԻՍԵՖ-ին միանալը՝ նա աշխատել է Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման դեպարտամենտի գնահատման բաժնում:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է՝ պաշտոնական Երևանը պետք է հստակեցնի, թե հատկապես որ գործառույթների կատարման հետ կապված է Հայաստանը մտահոգություններ հայտնել և արդյո՞ք այդ մտահոգությունները հնարավոր չեն եղել կարգավորել երկխոսության ճանապարհով:
Իրավապաշտպանն ընդգծում է՝ այս հարցով անորոշությունը կամ ոչ հստակությունը շատ ավելի վատ ենթադրությունների տեղիք է տալու: Նա նաև մտահոգություն է հայտնում՝ արդյո՞ք Հայաստանն այսպիսով չի գնում միջազգային հանրության հետ հարաբերությունները խզելու ճանապարհով:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ ենթադրում է, որ Հայաստանի Կառավարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարից դժգոհություններ ունենալու լեգիտիմ պատճառներ ունի, քանի որ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային այս կառույցը պատերազմի ողջ ընթացքում կրավորական կեցվածք էր ընդունել:
Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախից Հայաստան վերադարձած երեխաների կրթության իրավունքների խնդիրներով ևս ՅՈՒՆԻՍԵՖ-ը չի զբաղվել: Մինչ Երևանում լռում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարի պաշտոնանկության լուրերի մասին, Բաքվում հիստերիա են բարձրացրել:
Ադրբեջանի իշխանությունների կողմից կառավարվող լրատվամիջոցները մեկը մյուսին հաջորդող հրապարակումներ են անում, որ Մարիան Քլարկ-Հաթինգն առնչություն չունի Բաքվի հետ: