ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը
Thursday, July 23, 2020Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 22-ին բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նարեկ Սարդարյանի իրավահաջորդի ներակայացուցիչ Արտակ Զեյնալյանը։
Ըստ Զեյնալյանի՝ Եվրոպական դատարանը պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել հետևյալ միջոցները. տրամադրել տեղեկություն Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի ու պայմանների մասին, տրամադրել տեղեկություն նրա առողջական վիճակի մասին (հաստատված բժշկական տեղեկանքով (տեղեկանքներով), եթե այդպիսիք կան) և արդյոք բժշկական հետազոտությունը իրականացվել է անկա՞խ մասնագետի կողմից, հարուցվե՞լ է արդյոք նրա նկատմամբ քրեական գործ, և եթե հարուցվել է, տրամադրել բոլոր համապատասխան մանրամասները և փաստաթղթերը, ներառյալ նրա դեմ առաջադրված ցանկացած մեղադրանքի մասին, նշանակվե՞լ է արդյոք փաստաբան, արդյոք նա հնարավորություն ունի՞ լիարժեքորեն շփվել իր հարազատների և Հայաստանի իշխանության հետ։
«Դատարանը նաև առաջնահերթություն և տվել գանգատին և սահմանել է հիմնական գանգատ ներկայացնելու համար ժամկետ. ժամկետ է սահմանել նաև պատասխանող պետությունից սպասվող գործողությունների կատարման համար»,- գրել է Զեյնալյանը։
Նարեկ Սարդարյանի իրավահաջորդի ներակայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից հուլիսի 19-ին դիմում էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի, պահանջելով՝ կիրառել հրատապ միջոց․ ձեռնարկել բոլոր միջոցները Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունն ապահովելու համար, հայտնել Նարեկ Սարդարյանի գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին, միջոցներ ձեռնարկել Նարեկ Սարդարյանի կապը Հայաստանում նրա ծնողների, կնոջ և քրոջ (դիմողների) հետ ապահովելու ուղղությամբ, Ադրբեջանում քրեական գործ հարուցված լինելու դեպքում՝ դիմումատուներին ուղարկել քրեական գործի նյութերը, կազմակերպել Նարեկ Սարդարյանի վերադարձը Հայաստան։
2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:
Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։
https://armenpress.am/arm/news/1022858.html