Մեքսիկան վտարելու է ԱՄՆ-ի սահմանը գրոհած միգրանտներին
Monday, November 26, 2018ԱՄՆ - Վերաբացվել է Արեւմտյան կիսագնդի ամենածանրաբեռնված սահմանային անցումային կետը: Սան Դիեգոյի եւ Տիխուանայի միջեւ գտնվող պահակակետը բացվել է երկուշաբթի օրը, նախորդ օրն այստեղ տեղի ունեցած բախումներից ու առաջ եկած քաոսից հետո: Նախորդ օրն ԱՄՆ-ի սահմանապահ ուժերն արցունքաբեր գազ էին կիրառել Մեքսիկայի տարածքում գտնվող այն խմբերի նկատմամբ, որոնք փորձել էին ապօրինաբար անցնել ԱՄՆ-ի սահմանը:
Տիխուանայում այս պահին խմբվել են հազարավոր անձինք, ովքեր Կենտրոնական Ամերիկայի երկրներից այստեղ են հասել` փորձելով խուսափել իրենց երկներում տիրող բռնություններից ու տնտեսական դժվարություններից: Նրանց նպատակն ԱՄՆ-ում անվտանգ կյանք սկսելն է ու աշխատանքի իրավունք ստանալը:
Հարյուրավոր միգրանտներ կիրակի օրն անցկացրել էին խաղաղ ցույց` վանկարկելով ‘’Մենք հանցագործներ չենք, մենք աշխատասեր մարդիկ ենք’’ բառերը:
Նույն օրը Մեքսիկայի ոստիկանությունը ցրել էր այդ ցույցերից մեկը, որից հետո մոտ 500 միգրանտներ շտապել էին դեպի ԱՄՆ-ի սահմանը:
ԱՄՆ-ի սահմանային ուժերը տարածել են հայտարարություն այն մասին, որ մի քանի միգրանտներ պայթուցիկներ են նետել Սան Դիեգոյի ամերիկացի գործակալների ուղղությամբ, որից հետո սահմանապահ ուժերը դիմել են արցունքաբեր գազի կիրառմանը:
Մեքսիկայի Սան Իսիդրոյի սահմանային կետից ամեն օր ԱՄՆ է մուտք գործում մոտ 70 հազար ավտոմեքենա եւ 20 հազար հետիոտն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս ամսվա սկզբին այստեղ տեղակայեց ռազմական ուժեր, թույլ չտալու համար անօրինական փախստականների մուտքը երկիր:
Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են, թե վտարելու են այն միգրանտներին, որոնք կիրակի օրը փորձել էին գրոհել ԱՄՆ-ի սահմանը: