ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. Մենք պետք է միջազգային առաքելության միջոցով երաշխիքներ տրամադրենք ԼՂ բնակիչներին.
Thursday, September 21, 2023Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեզ է նայում, և Միացյալ Նահանգները 2020 թվականից ի վեր ավելի քան 24 միլիոն դոլարի մարդասիրական և զարգացման նպատակով օգնություն է տրամադրել՝ այս ճգնաժամին ինչ-որ կերպ արձագանքելու համար։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Տրամադրվում են պարենային անվտանգություն, ջրամատակարարում, առողջապահություն, երեխաների պաշտպանություն, հոգեբանական, հոգեսոցիալական աջակցություն, սակայն այս ճգնաժամին վերջ դնելու միակ միջոցը բռնությունը դադարեցնելն է և կայուն խաղաղության ապահովումը։
Քանի որ տեղերում ջանքեր են գործադրվում իրավիճակը ապաէսկալացնելու համար, մենք միջազգային առաքելության միջոցով պետք է երաշխիքներ տանք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանց իրավունքները կապահովվեն հենց Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համապատասխան։
Մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակով, որպեսզի հասնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մշտական լուծմանը»,- նշել է դիվանագետը։