Ճշմարիտ զոհը գոհութիւնն է։ Ասափի Սաղմոս։
Friday, June 17, 20221 Աստուածների Աստուածը՝ Եհովան խօսում է. Եւ կանչում է երկրին արեւելքիցը մինչեւ արեւմուտքը։
2 Սիօնի միջիցը՝ գեղեցկութեան կատարելութիւնիցը Աստուած փայլում է.
3 Մեր Աստուածը կ՛գայ եւ լուռ չի կենալ. նորա առաջին փչացնող կրակ եւ նորա չորս կողմովը սաստիկ մրրիկ կայ։
4 Նա կանչում է երկնքին վերեւիցը, եւ երկրիս՝ որ իր ժողովրդին դատէ։
5 Ժողովեցէք ինձ մօտ իմ սրբերին, որ ինձ հետ ուխտ դրին զոհով։
6 Եւ երկինքը կ՛պատմէ նորա արդարութիւնը. Որովհետեւ Աստուած դատաւոր է։ (Սէլա։)
7 Լսիր, իմ ժողովուրդ, եւ ես խօսիմ. Ով Իսրայէլ, եւ ես վկայութիւն տամ քեզ. ես եմ Աստուած, քո Աստուածը։
8 Քո պատարագների համար քեզ չեմ յանդիմանում, եւ քո ողջակէզները միշտ իմ առաջին են։
9 Քո տանիցն արջառ չեմ առնում, եւ ոչ այծեր՝ քո փարախներիցը։
10 Որովհետեւ իմն են անտառի ամեն գազանները եւ հազարաւոր սարերի անասունները։
11 Ես գիտեմ սարերի բոլոր թռչունները, եւ վայրի գազաններն իմ առաջին են։
12 Եթէ սովածանամ, քեզ չեմ ասիլ, որովհետեւ իմն է աշխարհքս եւ նորա լիութիւնը։
13 Մի/թէ ես արջառների միս կ՛ուտեմ եւ այծերի արիւն կ՛խմեմ։
14 Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը,
15 Եւ կանչիր ինձ նեղութեան օրումը. Եւ ես կ՛ազատեմ քեզ, եւ դու կ՛փառաբանես ինձ։
16 Բայց ամբարշտին ասում է Աստուած. Քե՞զ ինչ, որ դու իմ հրամանները պատմում ես եւ իմ ուխտը բերանդ ես առնում։
17 Եւ խրատն ատում ես եւ իմ խօսքը քո յետի կողմն ես գցում։
18 Եթէ գող ես տեսնում, նորա հետ ես գնում. Եւ քո բաժինը շնացողների հետ է։
19 Բերանդ չարութեան ես տալիս, եւ լեզուդ նենգութիւն է հնարում։
20 Նստում ես եւ եղբօրդ դէմ հակառակ խօսում. Քո մօր որդիի վերայ բամբասանք ես անում։
21 Այս բաներն արիր դու եւ ես լուռ կացի. կարծեցիր թէ ես էլ քեզ նման եմ. Բայց կ՛յանդիմանեմ քեզ եւ քո աչքի առաջին կ՛դնեմ։
22 Միտք արէք այս, ով Աստուծուն մոռացողներ, մի գուցէ ես յափշտակեմ, եւ ոչ ոք չ՛լինի որ փրկէ։
23 Գոհութիւն պատարագ մատուցանողը փառաւորում է ինձ. Եւ ով որ իր ճանապարհին զգուշանայ, նորան ցոյց կ՛տամ Աստուծոյ փրկութիւնը։