ՀՀ և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հարցեր
Monday, November 21, 2022Այսօր՝ նոյեմբերի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԳՆ հաղորդագրությունից:
Կողմերն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացմանը, մտքեր փոխանակել երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի խորացման ու ներդրումների խրախուսման նշանակությունը և մասնավորապես հայ-իտալական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքը:
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը միտված մոտեցումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը: Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված հարցեր»,-նշվում է հաղորդագրությունում:
https://armenpress.am/arm/news/1097814.html