ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ
Friday, July 2, 2021Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց դեսպան Թրեյսիի կեցավայր՝ շնորհավորելու դեսպանին, դեսպանության անձնակազմին և բոլոր ամերիկացիներին Միացյալ Նահանգների անկախության 245-րդ տարեդարձի առթիվ։
Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են և խարսխված են ընդհանուր արժեքների վրա։ Պատրաստ ենք շարունակաբար մեր ջանքերը ներդնել հայ և ամերիկացի ժողովուրդների գործընկերության, բարեկամության և համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Դեսպան Թրեյսիին ընդունել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հունիսի 30-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսին վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին և հայ ժողովրդին շնորհավորել է խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, որոնք հիմնականում անցկացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ապահովմամբ։ Ինչպես տեղեկանում ենք ԱՄն դեսպանատան հաղորդագրությունից, դեսպանն անդրադարձել է նախագահ Բայդենի ուղերձի այն մասին, որ մեր երկկողմ գործընկերությունը հիմնվում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և վերահաստատել, որ Միացյալ Նահանգները հանձնառու է իր մասնակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։
ՀՀ Կառավարության տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն, Վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, կարևորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արձագանքը ընտրությունների ու հետագայում հայ-ամերիկյան համագործակցության ուղղությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ երկկողմ համագործակցության արդյունքներից մեկն արդեն տեսանելի կլինի մի քանի օրից, երբ Հայաստանում կսկսի իր գործունեությունը պարեկային նոր ծառայությունը:
«Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կշարունակենք նոր ծավալներով»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ կարևորելով երկկողմ գործակցությունը տարբեր ուղղություններով Հայաստանում իրականացվող բարեփոխումների կյանքի կոչման գործում: Դեսպան Լին Թրեսյին նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս բարեփոխումների օրակարգի առաջնահերթություններն առաջ մղելու նպատակով:
Այդ առումով առանցքային է համարվել փոխգործակցությունը ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ու ամրապնդման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, ընտրական գործընթացների զարգացման ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն առանձնակի ընդգծել է ԱՄՆ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և կարևորել համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում:
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՄԽ համանախագահությունը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես միջնորդ ԼՂ բանակցային գործընթացում, այլև տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործոն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայում ունենք մի իրադրություն, երբ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործունեությունը և այդ իրադրությունը կառավարելու գործում կարևորվում է ոչ միայն համանախագահների, այլև ԱՄՆ դերակատարությունը:
Դեսպանը վերահաստատել է ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեությանը՝ բանակցային ձևաչափի վերականգնման ու հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Նիկոլ Փաշինյանն ու դեսպան Թրեյսին անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով և հիշեցրել, որ հարցի լուծման նպատակով ավելի վաղ հանդես է եկել նաև համապատասխան առաջարկով:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ դերը Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցում և հավելել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով:
https://www.amerikayidzayn.com/a/5951148.html