Հիւանդութիւնովը ուրախացող թշնամիներից և անհաւատարիմ ընկերներից գանգատ։
Monday, May 9, 20221 Երանի նորան՝ որ հոգս է անում աղքատի համար. Նեղութեան օրումը Տէրը կ՛փրկէ նորան։
2 Տէրը կ՛պահէ նորան եւ կ՛ապրեցնէ նորան. Նա երանելի կ՛լինի երկրի վերայ. իր թշնամիների ցանկութեանը դու չես մատնիլ նորան։
3 Տէրը կ՛մխիթարէ նորան տկարութեան անկողնում. Դու նորա բոլոր անկողինը կ՛փոխես իր հիւանդութեան ժամանակումը։
4 Ես ասեցի. Տէր, ողորմիր ինձ եւ բժշկիր իմ անձը. Որովհետեւ քո առաջին մեղանչեցի։
5 Իմ թշնամիները չար են խօսում ինձ վերայ, ասելով. Նա ե՞րբ կ՛մեռնի եւ անունը՝ կ՛կորչի.
6 Եւ եթէ մինը ինձ տեսնելու է գալիս՝ ունայնութիւն է խօսում. Նորա սիրտն անօրէնութիւն է հաւաքում իրանում, եւ դուրս է գնում ու ասում ուրիշին։
7 Ինձ ատողները միասին փսփսում են ինձ վերայ, եւ չարութիւն են հնարում ինձ դէմ։
8 Անօրէնութեան բան հասաւ նորա վերայ, եւ որ վայր ընկնի այլ եւս վեր չի կենալ։
9 Իմ յատուկ բարեկամ մարդն էլ՝ որ նորան յուսացայ, որ իմ հացս ուտում էր, ոտը բարձրացրեց ինձ վերայ։
10 Բայց դու, Տէր, ողորմիր ինձ եւ կանգնեցրու ինձ, եւ ես կ՛հատուցանեմ նորանց։
11 Սորանով ճանաչում եմ որ դու ինձ հաճութիւն ունիս, որ թշնամիս չ՛պարծենայ ինձ վերայ։
12 Բայց դու ինձ կ՛պահպանես իմ անարատութեան մէջ. Եւ ինձ քո երեսի առաջին կ՛կանգնեցնես յաւիտեան։
13 Օրհնեալ լինի Տէրը՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. ամէն եւ ամէն։