Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄԷ պատվիրակությանը
Wednesday, October 19, 2022Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը՝ Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորությամբ։
Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխհարաբերությունները շարունակական և բարեկամական բնույթ են կրում` արդյունավորվելով տարբեր ոլորտներում նոր ձեռքբերումներով։
Հայոց Հայրապետը նաև անդրադարձ կատարեց Հայաստանի հետպատերազմյա ծանր ու դժվարին իրավիճակին՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր զորեղ հավատքի շնորհիվ և բարեկամ երկրների աջակցությամբ կկարողանա հաղթահարել առկա մարտահրավերները։
Իր հերթին Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, Հայոց Հովվապետին փոխանցելով Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի շեյխ, դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմիի ողջույնն ու բարեմաղթանքները, գոհունակությամբ հաստատեց, որ հայ-արաբական կապերն ամուր են` համահունչ դարավոր բարեկամությանը։
Զրույցի ընթացքում քննարկվեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային արժեքների ոչնչացման և յուրացման խնդիրը։
https://hy.armradio.am/2022/10/19/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%af%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b2%d5%ab%d5%af%d5%b8%d5%bd%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%b4%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%be%d5%ab/