Հայկական մուֆլոն
Tuesday, December 21, 2021Օդի, Հայկական մուֆլոն կամ անդրկովկասյան լեռնային ոչխար, սնամեջ եղջյուրավորների ընտանիքի վայրի ոչխար։ Բնաշխարհիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Մարմնակազմվածքը սլացիկ է, կենդանի զանգվածը՝ ոչ մեծ։ Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կենդանի զանգվածը՝ 50-60 և 35-45 կգ։ Արուները օժտված են խոշոր եղջյուրներով, որոնք ձգվելով դեպի մնդավ, կազմում են շրջան։ Մաքիները հիմնականում անեղջյուր են։ Մայրերն առաջին ծինում ունենում են մեկ, հետագայում՝ զույգ գառներ։
Մազածածկը կոպիտ է, կարճ, բաց շագանակագույն՝ քստամազից և աղվամազից կազմված։ Հասուն արուների մեջքին կա սպիտակ թամբանման նշան։ Ընտանի ոչխարի ամենահավանական նախահայրերից է։ Ընտանի ոչխարի հետ տրամախաչումից տալիս է առողջ պտղատու սերունդ։ Ապրում է 12-14 տարի։
Տարածված են Հայկական լեռնաշխարհում՝ Հայաստանում և Իրանում։ Մուֆլոններ կան նաև Կիպրոս, Կորսիկա և Սարդինիա կղզիներում, սակայն պարզ չէ դրանք վայրենացած ոչխարներ են, թե իրական մուֆլոններ։ Էդեմիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկվել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները։ Տարածված է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով (մինչև 7-8 գլուխ) հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում։
Ապրում է լեռնային չոր տափաստաններում, գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ (Ուրծի լեռնաշղթա), ենթալպիան և ալպիական մարգագետիններում(Վայոց ձոր և Սյունիք)։ Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը 1000-3000 մ բարձրություններում։
Հայաստանում մուֆլոնն ապրում է մշտապես՝ ձմռանը չքոչելով, իսկ տարվա տաք եղանակներին դիտվում է արուների ներհոսք Նախիջևանի կողմից։ Մուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը՝ դեպի նախալեռներ, ամռանը՝ դեպի բարձունքներ։