Հայկական ազգային հագուստ (տարազ)
Thursday, August 5, 2021Հայկական տարազ, հայկական ազգային հագուստ։ Հայկական տարազի մեջ գերակշռում են Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները, որոնք 14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվել և կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք։ Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով։ Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։ Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով։ Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի։
Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ։ Հայկական տարազները շատ հին ավանդույթներ են։
Տարազն ըստ տարածաշրջանների
Հայկական ազգային տարազը, անցնելով պատմական զարգացման երկար ուղի, հանդիսացել է նրա ինքնապահպանման ազդակներից մեկը։ Գտնվելով Արևելքի և Արևմուտքի ոճերի բախման և համադրման տարածքում ոչ միայն փոխառել նաև շատ հաճախ ներգործուն դեր է ունեցել հարևան ժողովուրդների տարազի վրա։ Նույնիսկ օտար փոխառությունների անհրաժեշտության դեպքում, հայ ժողովուրդը միշտ ստեղծարար մոտեցում է ունեցել ըստ իր տոհմային ճաշակի և դարավոր ավանդությունների։ Հատկապես հայ կնոջ ավանդապահության շնորհիվ, որը ցուցաբերել է ինքնուրույն ճաշակ, ձևերի և գույների նրբաճաշակություն, ներդաշնակության բնածին նրբազգացություն, միշտ խորշել է անբովանդակ, անհեթեթ ձևերից։
Ըստ տարածաշրջանների տարազը կարելի է բաժանել երկու հիմնական շրջանների՝ արևմտահայերի և արևելահայերի։ Որոնք էլ իրենց հերթին բաժանվում են ըստ առանձին տարածաշրջանների։
Արևմտահայերի տարազը գլխավորապես բաժանվում է երկու շրջանի․
- Արևելյան նահանգների՝ Տարոնի (ներառյան Սասունը), Բարձր Հայքի, Վասպուրականի և Բաղեշի շրջանները․
- Արևմտյան նահանգների՝ Սեբաստիայի, Կեսարիայի, Կիլիկիայի, իսկ հարավում՝ Խարբերդի և Տիգրանակերտի շրջանները։
Առաջին շրջանը ավելի հարազատ է պահել հայկական տարազի ավանդությունները․ երկրորդում՝ զգացվում է անատոլիական որոշ ձևերի ազդեցությունը։
Արևելահայ տարազը կարելի է բաժանել երեք շրջանի․
- Սյունիք-Արցախյան, Զանգեզուրի․
- Այրարատի․
- Գողթան գավառի (Ագուլիս, Օրդուբադ), Գանձակի, Գուգարքի, Շիրակի, Ջավախքի։
Տղամարդու հայկական տարազ
Տղամարդու տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։
Կանացի հայկական տարազ
Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները։ Զարդարանքներից կարող ենք նշել մանյակը, արծաթե ապարանջանը։
Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում։ Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր։ Վաղ միջնադարում հայ վերնախավի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում և գավառներում պահպանվել մինչև XIX դարի վերջը և XX դարի սկիզբ։ Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։
Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների՝ քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ։