Հայաստանն ու Ադրբեջանը լավ գիտակցում են ԱՄՆ-ի դրական դերը ԼՂ կարգավորման հարցում՝ Պետքարտուղարության ներկայացուցիչ
Thursday, May 7, 2020Թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Հայաստանի արտգործնախարարները շատ լավ գիտակցում են այն դրական դերը, որ Միացյալ Նահանգները խաղում է՝ օգնելով շարունակել երկխոսությունը, հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում, պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին.
«Մենք ակտիվորեն ներգրավված ենք գործընթացի մեջ՝ օգնելով կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների երկխոսությունը, որի հիմքում է խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակը, հիմնվելով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա: Դա ներառում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, սակայն նաեւ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Լեռնային Ղարաբաղի դեպքում այդ սկզբունքները կողմերը տարբեր կերպ են մեկնաբանել»:
Ի պատասխան հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները կիսում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված հայտարարությունը ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ, Պետքարտուղարության ներկայացուցիչն ասաց.
«Ես չեմ մեկնաբանելու Ռուսաստանի արտգործնախարարին, ասեմ միայն, որ նա վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ, այդ թվում Դոմբասի իրավիճակի վերաբերյալ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խորը ներգրավված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության ընթացքն ապահովելու գործում»:
Անդրադառնալով Հայաստանում «Թավշյա հեղափոխությունից» հետո իրականացվող բարեփոխումներին, այդ թվում եւ՝ Սահմանադրական դատարանի շուրջ հանրաքվեի եւ ապօրինի ձեռք բերված ունեցվածքի բռնագանձման նախաձեռնությանը, Ջորջ Քենթն ընդգծեց. «Այն ինչ մենք այսօր տեսնում ենք, իրական քայլեր են համակարգային փոփոխությունների հասնելու ճանապարհին»:
«Հարցն այն է, թե ինչպես ապահովել դատական արդար համակարգ, եթե նախկինում դատական համակարգն օգտագործվել է որպես քաղաքական գործիք»:
«Կարծում եմ, Հայաստանում առաջարկվում է դատական իշխանության ավելի ռադիկալ բարեփոխում: Մեր խորհուրդն է լսել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունները, որպես մի մարմնի, որը կարող է լավագույն խորհրդատվությունը տրամադրել»:
Միացյալ Նահանգները փորձելու է աջակից լինել Հայաստանին այդ ճանապարհին, նշել է փոխպետքարտուղարի տեղակալը.
«Համակարգի փոփոխության իրավական ճանապարհը, հիմնվելով լավագույն օրինակների վրա, շատ կարեւոր է, եւ կարծում եմ մենք հենց դա ենք տեսնում այժմ Հայաստանում, հատկապես՝ արդարադատության ոլորտում»:
Ընդհանրապես, դատաիրավական համակարգի բարեփոխումները երկրի ժողովրդավարության գործում առանցքային դեր ունի, ավելացնում է Ջորջ Քենթը.
«Երկու կառույցները, որոնք օգտագործվել են խորհրդային համակարգի կողմից սեփական քաղաքացիների վրա ճնշում գործադրելու համար՝ դատաիրավական համակարգն էր եւ գաղտնի ոստիկանությունը: Եւ երբ երկրներն իսկապես ցանկանում են թոթափել այդ ժառանգությունը, նրանց անհրաժեշտ է բարեփոխել դատաիրավական համակարգը եւ անվտանգության ծառայությունները: Եւ երբ երկրներն այդ հարցում հաջողության են հասնում, նրանք կարող են ասել, որ լիարժեքորեն հաղթահարել են բոլշեվիկյան խորհրդային ժամանակաշրջանը»:
Անդրադառնալով հետկորոնավիրուսային աշխարհում ԱՄՆ-ի առաջնահերթություններին, Պետքարտուղարության ներկայացուցիչն ավելացնում է՝ տարածաշրջանի երկրների նկատմամբ դրանք իրենց հիմքում անփոփոխ են մնալու.
«Մենք ցանկանում ենք, որ այդ երկրները հաջողության հասնեն, կառուցեն բարգավաճող, ժողովրդավար, պատասխանատու պետություններ, ապահովեն իրենց անվտանգությունը, հակազդեն դրսից եկող որեւէ ագրեսիայի կամ ազդեցության»:
Կորոնավիրուսի վարակի տարածման շրջանում մտահոգող խնդիրներից մեկն է Ռուսաստանից եւ Չինաստանից կառավարվող ապատեղեկատվության ալիքը, նշում է Ջորջ Քենթը: Մասնավորապես, ապատեղեկատվության լուրջ տարափ է տարածվում Միացյալ Նահանգների աջակցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում բացված բիոլաբորատորիաների մասին: Այդ բիոլաբորատորիաների նպատակն է օգնել երկրներին հակազդել բիոլոգիական վտանգներին, եւ դրանք հենց հիմա ծառայում են այդ երկրներին.
«Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում այդ լաբորատորիաների միջոցով է կատարվում թեստավորումը եւ պայքարը կորոնավիրուսի դեմ հենց հիմա»:
Մինչդեռ ապատեղեկատվություն իրականացնող ուժերը փորձում են կեղծ տեղեկություն տարածել, թե այդ լաբորատորիաները ստեղծում են վարակներ, այլ ոչ թե պայքարում դրանց դեմ:
«Ռուսաստանը այդ հին սուտը կրկին ու կրկին տարածում է, խոսելով Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի լաբորատորիաների մասին: Մենք տեսնում ենք, ինչպես են այդ սուտը տարածում Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող քաղաքական ուժերը, լրատվամիջոցները: Վերջերս նկատելի է նաեւ, որ այդ ռուսական ապատեղեկատվությունը լաբորատորիաների վերաբերյալ սկսել է տարածել նաեւ Չինաստանը: Մինչդեռ, կրկնեմ, հենց այդ լաբորատորիաներում է կատարվում կորոնավիրուսի թեստավորումը, հենց այդ լաբորատորիաներն են օգնում երկրներին պայքարել COVID վարակի տարածման դեմ»:
https://www.amerikayidzayn.com/a/5408799.html