Հայաստանի ֆուտբոլի հավաքականը շարունակում է հաղթարշավը
Wednesday, March 31, 2021Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարում: Չորեքշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին 3:2 հաշվով առավելության հասավ Ռումինիայի թիմի նկատմամբ:
Դրամատիկ հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի նորեկ, Ռուսաստանի «Կրասնոդար» ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, ով փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկին: Ռումինիայի հավաքականը նախ 62-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 10 րոպե անց ևս մեկ գնդակ խփեց. երկու գոլերի հեղինակն էլ Ալեքսանդրու Չիկալդաուն էր: 78-րդ րոպեին մրցավարը Գեորգե Պուշկաշին կոպիտ խաղի համար հեռացրեց խաղադաշտից, և հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով: 87-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը, երկու րոպե անց էլ Տիգրան Բարսեղյանը 11-մետրանոցից խփեց հաղթական գնդակը՝ ռումինացիները տուգանային հրապարակում վայր էին գցել Սպերցյանին:
Հայաստանի հավաքականը հաղթել է ընտրական մրցաշարի բոլոր երեք հանդիպումներում և առավելագույն՝ 9 միավորով գլխավորում է J խմբի աղյուսակը:
Նշենք, որ երեք խաղերն էլ վնասվածքի պատճառով բաց թողեց թիմի առաջատար և ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Այսօր ավելի ուշ խմբում կկայանան Գերմանիա - Հյուսիսային Մակեդոնիա և Լիխտենշտեյն - Իսլանդիա հանդիպումները:
Գերմանիայի հավաքականը ևս հաղթել է առաջին երկու հանդիպումներում և այս պահին ունի 6 միավոր, Հյուսիսային Մակեդոնիան ունի 3 միավոր, նույնքան՝ Ռումինիան, Իսլանդիան ու Լիխտենշտեյնն առայժմ միավոր չեն վաստակել և եզրափակում են աղյուսակը:
Չորրորդ տուրի հանդիպումները կկայանան արդեն աշնանը՝ սեպտեմբերի 2-ին Խոակին Կապառոսի սաները կհյուրընկալվեն Հյուսիսային Մակեդոնիային:
https://www.azatutyun.am/a/31180557.html