Հայաստանի կենդանական աշխարհ
Thursday, December 16, 2021Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։
Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։
Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների վրա։
Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովկասյան մարեհավը։ Հայաստանի կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ։
ՀՀ ֆաունան ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։ Անողնաշարավորները Հայաստանում ներկայացված են արմատոտանիների, ինֆուզորիաների, կնիդոսպորիդաների, խեցգետնակերպների, փորոտանիների, երկփեղկանիների, սարդանմանների ու միջատների դասերով, ընդ որում միջատները կազմում են այս խմբի մոտ 90%-ը։
Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։
Թռչուններ
Հայաստանում հանդիպում է թռչունների ավելի քան 349 տեսակ՝ տարածված բոլոր բնական գոտիներում (կան կիսաանապատային, լեռնատափաստանային, անտառային և ալպյան տեսակներ), ջրլող թռչուններ՝ այն շրջաններում (որոշ բացառությամբ), որտեղ կան գետեր, լճեր, արհեստ, ջրավազաններ։ Խիստ նվազել է Սևանի ավազանի թռչնաշխարհի տեսակային կազմը։ Արհեստական ձկնաբուծական ջրամբարների ստեղծմանը զուգընթաց խիստ մեծացել է Արարատյան դաշտի ջրաճահճային թռչունների քանակությունը։ Բնական կենսապայմանների կրճատման և վերափոխման հետևանքով շատ տեսակներ (ագռավ, կաչաղակ, կեռնեխ, տատրակ, շամփրուկ և այլն) հարմարվել են մարդու հարևանությամբ ապրելուն։ 67 տեսակ գրանցված է Միջազգային, ԽՍՀՄ և ՀՀ Կարմիր գրքերում։
Կաթնասուններ
Հայաստանում հանդիպում է կաթնասունների 8 կարգ, 83 տեսակ։ Ապրում են էկոլոգիական ամենատարբեր պայմաններում՝ ցամաքում, ծառերի վրա (սկյուռներ), օդում (չղջիկներ), ստորգետնյա կյանք են վարում (խլուրդներ, կուրամկներ) և այլն։ Կաթնասունների մի մասը մորթատու է, շատերը՝ որսարդյունագործության և մարզ, որսորդության օբյեկտ։ Մարդու ակտիվ գործունեության, բնական պայմանների փոփոխության հետևանքով կաթնասունների տեսակները խիստ նվազել են։ Որոշ տեսակներ պահպանվում են ՀՀ պետական արգելավայրերում։ 18 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Սողուններ
Հայաստանում տարածված է սողունների 53 տեսակ։ Հայտնի են կուսածին տեսակներ (օրինակ՝ Հայաստանում տարածված ժայռային մողեսների 4 տեսակները), ձվադրող, ձվակենդանածին ու կենդանածին տեսակներ։
ՀՀ-ում հանդիպում են նաև ջրային կրիաների՝ 2, ցամաքային կրիաների՝ 1, մողեսների՝ 26, կույր օձիկների՝ 1, վիշապների՝ 1, սահնօձերի՝ 18, իժերի՝ 4 տեսակ։
Երկկենցաղներ
Հայաստանում տարածված են պոչավոր երկկենցաղների 1 տեսակ՝ փոքրասիական տրիտոն, և անպոչ երկկենցաղների 6 տեսակ՝ սիրիական սխտորագորտ, կանաչ ղոդոշ, սովորական ծառագորտ, փոքրասիական ծառագորտ, փոքրասիական գորտ, լճագորտ։
ՀՀ-ում հանդիպում են 8 տեսակ երկկենցաղներ։ Հանրապետությունում առանձնապես լայն տարածում ունեն լճագորտը (Rana ridibunda), կանաչ դոդոշը (Bufo viridis)։ Բարձրադիր լեռնատափաստանային գոտիներում հանդիպում է անդրկովկասյան գորտը (Rana macrocnemis), հյուսիսային անտառային գոտում լայն տարածում ունի Շելկովնիկովի ծառագորտը (Hyla arborea shelkovnikovi), իսկ հարավում՝ փոքրասիական ծառագորտը (H. savigni)։ Հանրապետության երկկենցաղների ֆաունայում ծանր վիճակում է գտնվում Անդրկովկասի համար խիստ էնդեմիկ՝ սիրիական սխտորագորտը (Pelobates syriacus), որը կանգնած է անհետացման եզրին և գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Վերջերս հանրապետության երկկենցաղների ֆաունան ավելացավ նաև մի նոր տեսակով. Հայաստանի հյուսիսային շրջանում հայտնաբերել է փոքրասիական տրիտոնի (Triturus vittatus) մի փոքրիկ պոպուլյացիա, որը լրիվ մեկուսացված է իր հիմնական արեալից։
Ձկներ
ՀՀ ջրավազաններում հայտնաբերվել է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ։
Տեսակների մեծ մասը (36) գետերի բնակիչ է, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում, ջրանցքներում։ Իսկ 3-ը (իշխան, սիգ, Սևանի բեղլու) հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող վտակներում։ Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ և խայտաբղետ հաստաճակատներ և այլն։ Ձկների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզական որսի օբյեկտներ են։ Կարմրախայտի որսն արգելված է Հայաստանում։ Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են։ Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։