«Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է անում միջազգային կառույցներին ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ
Monday, January 9, 2023«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, որում նշվում է, որ անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով:
«Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական շրջափակումը, որը կոպտորեն խախտում է Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող կյանքի ճանապարհը, գոյութենական լրջագույն սպառնալիք է ստեղծել այնտեղ ապրող շուրջ 120,000 հայերի համար։ Սրանով Ադրբեջանն առնվազն բռնի տեղահանության հիմքեր է ստեղծում, դրանով իսկ վարելով էթնիկ զտումների հստակ քաղաքականություն։
Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում երաշխավորել այդ կյանքի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը և տրանսպորտային միջոցների ու բեռների երթևեկության անվտանգությունը։
Միևնույն ժամանակ կոչ ենք անում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, այլ միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին անհապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ և երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հրատապ հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով:
Վերահաստատում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը, որն ամբողջովին հիմնված է համամարդկային արժեքների ու հումանիտար սկզբունքների վրա»։
https://armenpress.am/arm/news/1101260.html