Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է, բանակցություններն ընթացքի մեջ են. ՀՀ ՊՆ
Tuesday, May 18, 2021Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։ Իրադրությունը համեմատաբար հանգիստ է։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը և բարձր գնահատում այդ ուղղությամբ տարբեր երկրների և միջազգային կառույցների կողմից ներդրված ջանքերը, հաշվի նստելով նրանց հնչեցրած՝ խաղաղ հանգուցալուծման կոչերի հետ։ Այս առումով, մայիսի 14-ից մեկնարկած բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են:
ՀՀ ՊՆ-ն մեկ անգամ ևս հայտարարում է, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։
https://armenpress.am/arm/news/1052707.html