Հակառակորդը հոկտեմբերի 5-ին ունեցել է կենդանի ուժի 300 կորուստ
Tuesday, October 6, 2020Հոկտեմբերի 5-ին Արցախի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը ոչնչացրել է Ադրբեջանի 300 զինծառայողի և ոչ զինծառայողի` ահաբեկչի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Առավոտվա տվյալների համաձայն` հակառակորդն ունեցել է 300 սպանված` զինծառայող և ոչ զինծառայող` ահաբեկիչներ: Հակառակորդն ունեցել է նաև 11 միավոր զրահատեխնիկայի, 2 ուղղաթիռի, 2 ԱԹՍ-ի կորուստ»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ հակառակորդի այսօր ունեցած կորուստների տվյալները կհրապարակվեն հոկտեմբերի 7-ի առավոտյան:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 240 զինծառայող և կամավորական:
Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:
https://armenpress.am/arm/news/1030619.html