Կորոնավիրուսն արագ է տարածվում Կալիֆորնիայում, Արիզոնայում, Թեքսասում եւ Ֆլորիդայում
Thursday, July 9, 2020ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն անցել է 3 միլիոնը: Հիվանդությանը զոհ է գնացել առնվազն 135 հազար մարդ: Հիվանդություն, որն այս պահին ամենաարագը տարածվում է երկրի խոշոր նահանգներում: Կալիֆորնիայում փակ է 58 մարզերի մեկ երրորդը: Նահանգային Սենատն էլ ամառային արձակուրդից հետո դեռեւս չպիտի վերսկսի աշխատանքը:
Կորոնավիրուսից մեծապես տուժած նահանգների շարքում հայտնված Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանթիսի խոսքերով, բժշկական ժամանակավոր հաստատություններ են հիմնվել ամբողջ երկրի տարածքում: ‘’Աշխատում ենք ամեն կերպ ապահովել մահճակալներ բոլոր հիվանդների համար’’, հայտարարում է նա:
Իսկ Ֆլորիդան ներկայացնող ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսականները դատապարտում են նահանգապետին վիրուսի բռնկման ժամանակ պաշտպանական խիստ միջոցներ ուժի մեջ չդնելու համար: Նրանք հիշեցնում են, որ այս նահանգապետը հրաժարվում էր նույնիսկ փակել ծովափերը, ‘’եւ հիմա մարդիկ են մեռնում սխալ որոշումների արդյունքում’’, ասում են նրանք:
Այս նահանգում ամեն օր գրանցվում է միջին հաշվով 8500 նոր դեպք, ինչը մեկ ամիս առաջ գրանցված տվյալներին գերազանցում է ութ անգամ:
Արիզոնայում շարունակում է աճել հիվանդանոցային մահճակալների պակասը, եւ ինչպես Թաքսոնի բժշկական կենտրոնի աշխատակիցներից Մեթ Հայնցն է ասում, վարակի տարածման կորագիծը դեռեւս չի երեւում: ‘’Ամեն օր գրանցվում է նախորդ օրվա համեմատ նոր ռեկորդ’’, ասում է նա:
Մեկ օրվա կտրվածքով ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել Արիզոնայում` 10000 նոր դեպք: Սակայն չնայած նահանգային իշխանությունների հրահանգին, մեծաթիվ վայրերում այսօր անտեսում են սոցիալական հեռավորություն պահպանելու եւ դիմակներ կրելու պահանջը:
Այստեղ եւս կան հիվանդության սրությունը հասկանալու կարողությունից զուրկ անձինք, ովքեր ասում են, թե իրենք ամերիկացի են, եւ ըստ իրենց սահմանադրության, իրենց չեն կարող պարտադրել կրել դիմակներ’’: Նման անձինք չեն էլ նկատում այն ցուցանիշը, որը գրանցվեց վերջերս երկրում սկսված համատարած բողոքի ցույցերի արդյունքում: Չեն էլ ընկալում փորձագետների այն նախազգուշացումները, որ այս կերպ շարունակվելու դեպքում ‘’եկող երկու շաբաթների ընթացքում վարակակիների թիվը կարող է աճել երկու անգամ եւ էլի երկու անգամ` հաջորդ շաբաթվա ընթացքում’’:
Հակառակ այս ամենին, կառավարությունը մշակում է եկող ուսումնական տարվա հենց սկզբից դպրոցական դասընթացները դպրոցի շենքում սկսելու ծրագիր:
https://www.amerikayidzayn.com/a/5496318.html