Կորոնավիրուսը նահանջում է` ճանապարհին խլելով նորանոր կյանքեր
Thursday, April 16, 2020Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հինգշաբթի օրվա տվյալներով կազում է 2 միլիոն 109 հազար: ԱՄՆ-ում, մահացությունների թիվն անցել է 30 հազարը, ընդհանուր վարակակիրների թիվը` 637 հազարը:
Իսպանիայում նորից գրանցվել է կովիդ 19 հիվանդության նոր դեպքերի աճ, սակայն շարունակում է գրանցել հաստատուն անկում մահացությունների թվով: Մեկ օրում այստեղ մահացել է 318 մարդ, երբ օրինակ երկուշաբթի օրն այստեղ կորոնավիրուսին զոհ էր գնացել 567 մարդ:
Վարակակիրների թիվն այսօր կազմում է 182,816:
Իտալիայում կորոնավիրուս է կրում 165,155 մարդ: Մահացել է 21,645 հիվանդ: Ինչ վերաբերում է հիվանդանոցներ տեղափոխվող անձանց, պետք է ասել, որ նրանց թիվն Իտալիայում շարունակում է կրճատվել: Նախորդ օրվա համեմատ վերջին մեկ օրում հիվանդանոց տեղափոխվածների թիվը կրճատվել է 368-ով:
Ելույթ ունենալով մամուլի ասուլիսի ժամանակ`Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխտնօրեն Ռանիերի Գուերրան ասել է, որ Իտալիայի բիզնեսում ու առօրյա կյանքում ակտիվություն մտցնելու դեպքում երկիրը կարող է նորից կանգնել վտանգի առջեւ:
Ֆրանսիայում հինգշաբթի օրվա տվյալներով մինչ այժմ կորոնավիրուսի պատճառով մահացել է 17,167 մարդ, սակայն ամեն օրվա կտրվածքով անկում են գրանցում նոր դեպքերը, հոսպիտալացված անձանց ու վերակենդանացման բաժանմունքեր տեղափոխվող հիվանդների թվերը: Մեկ օրվա ընթացքում վերակենդանացման բաժանմունքներ տեղափոխվածների թիվը նախորդ օրվա 6,730-ի համեմատ հինգշաբթի օրը կազմել է 6,457:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը հայտարարել է, որ երկրում մինչեւ առնվազն մայիսի 3-ը երկարաձգվելու է սոցիալական տարածության մասին հրահանգը:
Հաջորդ օրվանից, եթե իրադրությունը թույլ տա, աստիճանաբար կվերաբացվեն դպրոցները: Նախ դասերը կվերսկսվեն ավարտական դասարաններում: Երկուշաբթի օրվանից այստեղ կվերաբացվեն մինչեւ 800 քառ. մետր տարածք զբաղեցնող խանութները, երկիր, որտեղ կովիդ 19-ին զոհ է գնացել 3,854 մարդ եւ որտեղ այսօր կա 135 հազար վարակակիր:
Թուրքիայում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է նոր 4,281 դեպք: Այստեղ հիվանդությունից մեկ օրվա ընթացքում մահացել է 115 հիվանդ, բոլոր մահացությունների թիվը հասցնելով 1,518-ի:
Մերձավոր Արեւելքում վարակակիրների թվով առաջին տեղում գտնվող Իրանում կա վարակակիր 78,000 մարդ, որտեղ սակայն հիվանդության տարածման արագությունն անկում է գրանցում արդեն երկու շաբաթ:
Հեղափոխական գվարդիան չորեքշաբթի օրը ցուցադրել է մի նոր սարք, որը կարող է կովիդ 19 հիվանդությամբ մարդկանց հայտնաբերել հեռավորության վրա, առանց արյան թեստավորման անհրաժեշտության:
Հարավային Կորեայում նախորդ օրվա 24 նոր դեպքերի համեմատ անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 22 դեպք: Այս երկրում վարակակիրների թիվն այսօր կազմում է 10,613 մարդ: Ամենօրյա անկումը շարունակվում է արդեն ութերորդ օրը:
ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարում են, թե կորոնավիրուսի տարածման կորագիծն այստեղ սկսել է հարթվել, այդ պատճառով հինգշաբթի օրը երեկոյան պատրաստվում են հանդես գալ հիվանդությունից պաշտպանվելու կարգը փոխելու մասին հայտարարությամբ:
https://www.amerikayidzayn.com/a/5374903.html