Խրամորթի ուղղությամբ ադրբեջանական զինուժը ցուցադրաբար կուտակել է տանկեր. ՀՀ ՄԻՊ: Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ ամբողջ գիշեր խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ
Thursday, March 10, 2022Խրամորթի ուղղությամբ ադրբեջանական զինուժը ցուցադրաբար կուտակել է տանկեր. ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները համարում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակվող հանցավոր քաղաքականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել:
«Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի և Գլխավոր դատախազի հետ կապի մեջ եմ։ Երեկ օրվա ընթացքում ինտենսիվ կրակոցներ են եղել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Խրամորթի ուղղությամբ օրվա ընթացքում կրակոցներն ուղեկցվել են բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու հանցավոր գործողություններով. բնակչությանը՝ գյուղը լքելու մասին բարձրախոսով հայերեն լեզվով «նախազգուշացումներ» անելով։ Խաղաղ բնակչության նկատմամբ այս հանցավոր ոտնձգությունը գիշերվա ընթացքում սաստկացել է Խրամորթ գյուղի ուղղությամբ, որտեղ ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև ականանետեր։ Մեկ քաղաքացիական անձ վիրավոր է։ Հակառակորդը գյուղի ուղղությամբ ցուցադրաբար կուտակել է նաև ծանր տեխնիկա (տանկեր)։ Բնակչության ապահովության համար գիշերը կանայք և երեխաները տարհանվել են առավել ապահով վայր, սակայն ըստ գործընկերներիս տեղեկությունների, բնակիչներն առավոտյան վերադարձել են գյուղ»,-նշում է Քրիստինե Գրիգորյանը։
«Ակնհայտ է նաև, որ նման գործողությունների վերջնանպատակը բնակավայրերը հայաթափելն ու դատարկելն է իր բնիկ ժողովրդից, ինչն Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության ու էթնիկ ատելության քաղաքականության դրսևորում է։ Մյուս կողմից, սա ադրբեջանական պետության կողմից անպատասխանատու վարքագիծ է, որը միտված է ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակության վնասմանն ու խաղաղ կյանքի ապահովման ուղղությամբ գործադրվող հսկայական ջանքերի նսեմացմանը։ Այս մասին տեղեկություններն այսօր կուղարկեմ համապատասխան միջազգային կազմակերպություններին ու դեսպանությունների»,-ընդգծել է Հայաստանի օմբուդսմենը:
Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ ամբողջ գիշեր խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ
Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև՝ ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից, նշելով, որ մասնավորապես, մարտի 9-ին ժամը 14։00-14։30-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50-ից մինչև մարտի 10-ի ժամը 05։40-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։
Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։