Խաղաղութեան թագաւորի և նորա թագաւորութեան գովասանքը։ Սողոմոնի (Սաղմոս)։
Monday, January 23, 20231 Ով Աստուած, քո իրաւունքները թագաւորին տուր, եւ քո արդարութիւնը թագաւորի որդիին։
2 Նա քո ժողովրդին դատէ արդարութիւնով. Եւ քո խեղճերին իրաւունքով։
3 Սարերը խաղաղութիւն բուսացնեն ժողովրդի համար եւ բլուրները արդարութիւնով լցուին։
4 Նա իրաւունք անէ ժողովրդի աղքատներին. Խեղճերի որդիքը փրկէ եւ զրկողներին ջարդէ.
5 Վախենան քեզանից քանի որ արեգակը կայ, եւ լուսնի առաջին՝ ազգից մինչեւ ազգ։
6 Վայր գայ ինչպէս անձրեւ հնձած խոտի վերայ. ինչպէս շաղ՝ որ ոռոգում է երկիրը։
7 Նորա օրերումը ծաղկի արդարը. Եւ շատ խաղաղութիւն՝ մինչեւ որ լուսին էլ չ՛լինի։
8 Եւ նա տիրապետէ ծովիցը մինչեւ ծովը. Եւ Գետիցը մինչեւ երկրի ծայրերը։
9 Նորա առաջին խոնարհուին անապատում բնակողները, եւ նորա թշնամիները փոշի լիզեն։
10 Թարսիսի եւ կղզիների թագաւորներն ընծայ մատուցանեն. Շաբայի եւ Սաբայի թագաւորներն պարգեւ բերեն։
11 Եւ ամեն թագաւորները երկրպագութիւն տան նորան. Ամեն ազգերը ծառայեն նորան։
12 Որովհետեւ նա կ՛փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ՛ունի։
13 Նա կ՛խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ՛ապրեցնէ։
14 Նենգութիւնից եւ բռնութիւնից կ՛փրկէ նորանց անձերը. Եւ նորանց արիւնը պատուական կ՛լինի նորա առաջին։
15 Եւ նա կ՛ապրի եւ կ՛տան նորան Շաբայի ոսկիիցը. Եւ աղօթք կ՛անեն նորա համար ամեն ժամանակ. Ամեն օր կ՛օրհնեն նորան։
16 Ցորենի առատութիւն կ՛լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ. Նորա պտուղը կ՛շարժուի ինչպէս Լիբանանը. Եւ քաղաքիցը կ՛ծաղկեն ինչպէս երկրի խոտը։
17 Նորա անունը կ՛լինի յաւիտեան. Դեռ քանի որ արեգակը կ՛կենայ. Նորա անունը կ՛մնայ, եւ կ՛օրհնուին նորանով. ամեն հեթանոսները երանի կ՛տան նորան։
18 Օրհնեալ է Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. Որ մինակ նա է հրաշք անող։
19 Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. Եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. ամէն եւ ամէն։
20 վերջացան Յեսսէի որդի՝ Դաւիթի աղօթքները։