Լիբանանից ՀՀ է տեղափոխվել 56 հոգի. ևս 45-ը հայրենիք կժամանեն հումանիտար օգնության երրորդ ինքնաթիռով
Tuesday, August 11, 2020Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանի Լիբանան մեկնած հումանիտար օգնության երկու ինքնաթիռով հայրենիք է տեղափոխվել 56 հոգի, ևս 45-ը Երևան կժամանեն երրորդ ինքնաթիռով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Առաջին երկու թռիչքների միջոցով հայրենիք են տեղափոխվել մեր 56 հայրենակիցներ, իսկ այսօր գիշերը Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանի Երևան: Հայաստան են տեղափոխվել մեր այն հայրենակիցները, որոնք Բեյրութում պայթյունի արդյունքում անօթևան ու առանց ապրուստի միջոցների են մնացել, ՀՀ քաղաքացի են կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, Հայաստանում կեցավայր ունեն»,- գրել փոխվարչապետը:
Ավինյանը հավելել է, որ հայ ժողովուրդը եղբայրական Լիբանանի կողքին է և մեր օժանդակությունը շարունակական է լինելու:
Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։
https://armenpress.am/arm/news/1024721.html