Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար կենսական ծառայությունները դադարեցնելու ցանկացած փորձ անընդունելի է. Միացյալ Նահանգներ
Wednesday, December 21, 2022ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին ԱՄՆ-ը ներկայացնող դեսպան Ռոբերտ Վուդը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը և անվտանգության համար մնացած պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, նվիրված Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին, ելույթով հանդես եկավ ԱՄՆ-ը ներկայացնող, քաղաքական հարցերով ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Վուդը, ով իր խոսքում ասաց.
«Շնորհակալություն պարոն նախագահ։ Պ-ն Գլխավոր քարտուղարի օգնական, կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա ելույթի համար: Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքի օգտագործման շարունակական խոչընդոտմամբ և այս իրավիճակի հետևանքով աճող մարդասիրական խնդիրներով։
Պարզ ընդգծենք՝ Լաչինի միջանցքների օգտագործման խոչընդոտները հետ են մղում խաղաղության գործընթացը, խաթարում են այս գործընթացի նկատմամբ միջազգային վստահությունը և պարունակում են հավանական ծանր հումանիտար հետևանքներ:
Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և միջանքի անվտանգության համար այլ պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը, այդ թվում՝ մարդասիրական և կոմերցիոն նպատակների համար։ Ոգևորիչ է Լեռնային Ղարաբաղի բնակչության գազի մատակարարման վերականգնումը։
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար կենսական ծառայությունները դադարեցնելու ցանկացած փորձ անընդունելի է։
Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն, անհապաղ դադարեցնել խաղաղ գործընթացը խաթարող յուրաքանչյուր գործողություն և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները: Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությւոնները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով։
Բանակցությունները տեւական խաղաղության հասնելու միակ ճանապարհն են: Միջազգային հանրությունը պետք է կատարի ջանքերի իր մասնաբաժինը և շարունակի ներգրավված լինել դիվանագիտական ճանապարհով կայուն խաղաղություն հաստատելու ջանքերում:
Ժամանակը ցույց տվեց, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ միակողմանի կամ ռազմական լուծում: Երկու կողմերը պետք է վերստին հանձն առնեն դիվանագիտական գործընթացին և վերականգնեն դիվանագիտական հաղորդակցության ուղիղ խողովակները: Բոլոր կողմերը պետք է ակտիվացնեն իրենց դիվանագիտական ներգրավվածությունը և առաջընթաց գրանցեն իրենց հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համապարփակ, կայուն խաղաղության համաձայնագրի միջոցով։
Մնացած բոլոր հարցերի համապարփակ կարգավորումը պետք է լինի բանակցային ճանապարհով: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել կրակի մշտական դադարեցմանը և այս հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակում ենք ակտիվորեն ներգրավված լինել բազմակողմ, երկկողման ձևաչափերում մեր գործընկերների հետ միասին, ում հետ աշխատում ենք այդ ընդհանուր նպատակի ուղղությամբ:
Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը երկկողմ, եռակողմ ձևաչափերով՝ համակարգելով աշխատանքը մեր գործընկերների հետ, ինչպիսիք են ԵՄ-ը և ԵԱՀԿ-ը՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար՝ միջազգային իրավունքի հիման վրա, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրության, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի: Ցանկանում եմ ավարտել խոսքս՝ ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի և Ադրբեջանի միջև մնացած բոլոր խնդիրների համապարփակ կարգավորման կարևորությունը»:
https://www.amerikayidzayn.com/a/6884811.html