Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի ցուցարարն այժմ լրտեսության մեջ է մեղադրվում
Friday, September 8, 2023Լաչինի միջանցքի շրջափակման մասնակիցներից մեկին Բաքուն հայերի օգտին լրտեսության մեջ է մեղադրում:
«Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ 20-ամյա Ֆիդան Ալիևայի դեմ քրեական գործը քննում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը․ նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության, հայկական հատուկ ծառայության աշխատակցի միջոցով Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու համար։ Երիտասարդ ակտիվիստին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Ալիևան ձերբակալվել է ամիսներ առաջ, Լաչինի միջանցքից այսպես կոչված էկոակտիվիստների հեռացումից հետո։ Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ նա ակտիվորեն մասնակցել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ պահելու նպատակով 138 օր տևած ակցիաներին:
Ադրբեջանցի իրավապահները պնդում են, որ այդ ընթացքում 20-ամյա ցուցարարը տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ է ուղարկել Հայաստանի հատուկ ծառայության աշխատակցին, ում հետ ծանոթացել է Տելեգրամում։ Մեղադրյալը, մինչդեռ, ինչպես փոխանցում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը, հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում իրեն վերագրվող հանցանքները։ Նա մասնավորապես պնդել է, որ կարծել է՝ անձը, ում հետ ծանոթացել է Տելեգրամում, ռուս է, և նրա հետ ցանկացել է հանդիպել ոչ թե տեղեկություն փոխանցելու, այլ անձնական դրդապատճառներով։
«Սկզբում ես ընդհանրապես չգիտեի, որ նա հայ է։ Իմ նպատակը նրան որպես սովորական մարդու ճանաչելն էր։ Այլ նպատակ, ինչպիսին է Ադրբեջանի մասին տեղեկատվություն տրամադրելը, ես չունեի», - Ֆիդան Ալիևայի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Ավելի վաղ ադրբեջանական APA գործակալությունը հայտնել էր Լաչինի միջանցքը փակած երկու ակտիվիստի ձերբակալության մասին, մյուսը, ըստ աղբյուրի, Թառլան Աբասովն է, որը նույնպես մեղադրվում է պետական դավաճանության համար։ Վերջինիս գործի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցները մանրամասներ չեն հայտնում։