Իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ. Նիկոլ Փաշինյանը՝ գերիների մասին
Tuesday, February 23, 2021Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում, որը հեռարձակվում է 1in.am կայքով:
Հարցին՝ գերիների խնդրում կա՞ն արդյոք դրված նախապայմաններ, վարչապետը պատասխանել է. «Իհարկե, ցավոք, Ադրբեջանը փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու հստակ պարտավորություն:
Վարչապետն ընդգծել է, որ դա եռակողմ հայտարարություն է, և այդ հայտարարությամբ ձևակերպված պարտավորությունները կիսում են հայտարարության տակ ստորագրած բոլոր երեք կողմերը: «Եվ մենք ինտենսիվ աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում տանք այդ հարցին»,- ասել է վարչապետը:
Լրագրողը նկատել է, որ հայկական կողմը պայմանագրի կետերը, կարծես թե, կատարում է անթերի, իսկ մյուս կողմը խախտում է այդ պայմանավորվածությունը: «Ինչո՞ւ ենք մենք շարունակում մեր այդ վարքագիծը՝ չդնելով պայման. քանի դեռ այդ խնդիրը, 8-րդ կետը՝ մասնավորաբար, չի բավարարվել, մենք չենք գնում առաջ ոչ մի կետով»,- հարցրել է Նվեր Մնացականյանը:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր կարծիքով, պետք է ամեն ինչ անել, որպեսզի պրոցեսները չմտնեն փակուղի: «Մենք թեմայի վրա ու օրակարգի շուրջ շարունակում ենք աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ տեսնում ենք, որ իրական հնարավորություն կա, որպեսզի խնդիրը լուծենք: Եվ իրական հնարավորություն կա, որ ունենանք կոնկրետ արդյունքներ: Երբ տեսնենք, որ նման հնարավորություն չկա, իհարկե, ժամավաճառությամբ չենք զբաղվի»,- ասել է վարչապետը:
Ճշտող հարցին՝ իրական հնարավորությունը կա՞, վարչապետը դրական պատասխան է տվել: «Իհարկե, կա իրական հնարավորությունը, խոսակցությունը գնում է այդ թեմայի շուրջ: Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, այդ թեմայի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև շփումներ են տեղի ունենում: Եվ, իհարկե, կա հույս և համոզմունք, որ այդ խնդիրները կլուծվեն: Այլ բան է, թե ինչ ժամկետներում: Հասկանալի է, որ այստեղ ամեն րոպեն, ոչ թե ամեն օրը, այլ ամեն րոպեն շատ ծանր է, շատ կարևոր է առաջին հերթին գերեվարված և անհետ կորած մեր եղբայրների ընտանիքների համար: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ ամեն րոպեն նույնքան կարևոր և նույնքան ծանր է կառավարության համար, ինձ համար, որովհետև, ի վերջո, դրանք ծանր պատասխանատվության րոպեներ են, և մենք պարտավոր ենք այդ պատասխանատվությունը կրել»,- ասել է նա: