Իշխանության ղեկին մնալու Թրամփի փորձերը
Friday, November 20, 2020ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է չընդունել ընտրություններում իր պարտությունը Ջո Բայդընին, ինչն անորոշություն է ստեղծում մինչեւ հունվաի 20-ն անցկացվելիք նախագահական երդմնակալության արարողությունը:
Չնայած այն բոլոր հաղորդագրություններին, որ ընտրություններում հաղթել է Ջո Բայդընը, նահանգներում ընտրությունների արդյունքը պաշտոնական չի համարվում, քանի դեռ այն չի անցել նահանգային հաստատման գործընթացով: Խոսքն այդ նահանգների ընտրական կոլեգիայի անդամների մասին է, որոնք իրենց քվեն են տալու դեկտեմբերի 14-ին: Այսինքն, այն բանից հետո, երբ տվյալ նահանգում ձայների մեծամասնություն է ստանում այս կամ այն կուսակցության թեկնածուն, այդ նահանգի ընտրական կոլեգիայի բոլոր տեղերը հատկացվում են այդ թեկնածուին: Դրա հիման վրա ընտրվում են այդ կուսակցությանն աջակից կոլեգիայի անդամներ: Եվ ահա նրանք են, որ դեկետեմբերի 14-ին պիտի կատարեն իրենց քվեարկությունը:
Հիմա Թրամփը, շատերի կարծիքով, զուր է փորձում դատական կարգով չեղարկել որոշ նահանգներում ընտրությունների արդյունքը, քանի որ այդ նահանագներում իր ու Բայդընի օգտին տրված ձայների թիվը մեծապես է խոսում հօգուտ Բայդընի: Դա նշանակում է, որ Թրամփի թիմը չի կարող ապացուցել, որ եղել են տասնյակ հազարավոր խախտումներ: Նրա ներկայացրած դատական մի շարք հայցերն այս պահին էլ ունեն ոչ բավարար հիմքեր:
Թրամփը հայտարարում է, թե պահանջելու է վերահաշվարկ: Յուրաքանչյուր նահանգ վերահաշվարկի համար ունի իր պահանջը: Օրինակ, Վիսկոնսինում թեկնածուների միջեւ ձայների տարբերությունը պիտի լինի ոչ ավելի քան մեկ տոկոս, որպեսզի իրականացվի վերահաշվարկ: Այդ ցուցանիշը Ջորջիա նահանգում կես տոկոս է, Փենսիլվանիայում` կես: Երեք դեպքում էլ տարբերությունն ավելի փորք է, եւ Թրամփը կարող է պահանջել վերահաշվարկ: Բայց վերահաշվարկ ամենեւին էլ չի նշանակում այստեղ Թրամփի օգտին նետված քվեաթերթիկների թվի աճ: Այսինքն, կարո՞ղ է արդյոք պատահել, որ վերահաշվարկի արդյունքում Թրամփի կողմը գրանցվի 20 հազար ձայն: Գործնականում` ոչ:
Իսկ կարո՞ղ է արդյոք Թրամփը դիմել Գերագույն դատարան: Չէ որ այնտեղ 6-ը 3-ի հարաբերակցությամբ մեծամասնություն են կազմում պահպանողականները: Պատասխանը հետեւյալն է. Այստեղ կա միայն մեկ հնարավորություն: Պիտի որոշվի, թե արդյո՞ք պետք է հաշվել Փենսիլվանիայի այն քվեները, որոնք փոստային եղանակով ուղարկվել են մինչեւ ընտրությունները, սակայն հասել են հաշվարկից օրեր անց: Բայց այս դեպքում եւս, նման քվեների թիվն այնքան մեծ չէ, որ կարողանա փոխել ընտրության արդյունքն այստեղ:
Այդ պատճառով հիմա ավելի շատ խոսում են նոր նախագահի օրոք երկրում առկա բաժանումը, արմատացած ռասիզմը ու սահմանադրական ժողովրդավարությանը հասցված վնասները վերացնելու կարեւորության մասին:
Մեծաթիվ փորձագետներ են ասում, որ ԱՄՆ-ում ներկա իրավիճակը նմանվում է պատերազմից տուժած ու անհաջողության մատնված երկրների իրավիճակներին, երբ պետք է լավ գնահատել իրավիճակը, վերլուծել սխալները, հասկանալ այդ սխալները ծնած պատճառները, հաշվել ու հաշվարկել, ուշքի գալ ու անցնել այդ ամենը շտկելու աշխատանքի:
https://www.amerikayidzayn.com/a/5669250.html