Իլհամ Ալիև․ ռուսական խաղաղապահ առաքելությունը կավարտվի 2025-ին
Tuesday, January 10, 2023Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, թե «պատրաստ է Ղարաբաղում ապրողների համար ապահովել բոլոր այն պայմանները և իրավունքները, որ տրված են Ադրբեջանի քաղաքացիներին։
«Նրանք, որ ուզում են այնտեղ ապրել Ադրբեջանի դրոշի տակ, նրանց համար՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, կստեղծվեն բոլոր պայմանները, իրավունքներն ու անվտանգությունը։ Իսկ եթե որևէ մեկը չի ուզում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, Լաչինի միջանցքը բաց է, կարող են հեռանալ, որևէ մեկը չի խոչընդոտի», - ասել է Ալիևը։
Ադրբեջանի առաջնորդը նաև պնդել է, թե երկու տարուց՝ 2025-ին, ռուսական խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում կավարտվի։
«2023-ը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերջին հնարավորությունն է Հայաստանի համար», - ասել է Ալիևն ու հավաստիացրել, թե ինքը չի ուզում ճնշում գործադրողի տպավորություն թողնել։ «Ուղղակի ուզում եմ տեղեկացնել՝ իմ կարծիքով, սա վերջին հնարավորությունն է, քանի որ հետո գալու է 2024-ը, իսկ 2025-ին ավարտվելու է ռուսական խաղաղապահների առաքելությունը։ Նրանք (հայերը), պետք է իրենց քթից մի քիչ հեռուն տեսնեն»։
2020-ի պատերազմից հետո ստորագրված հայտարարությամբ, ռուս խաղաղապահ զորակազմը Ղարաբաղում տեղակայվել է 5 տարով։ Եթե կողմերից որևէ մեկը այդ ժամկետի ավարտից կես տարի առաջ հայտարարի առաքելությունն ավարտելու մտադրության մասին, այն չի երկարաձգվի։
https://www.azatutyun.am/a/32217617.html